Մատչելիության հղումներ

Սեմնեբին տարածաշրջանային վերջին այցն է կատարում


Վրաստան - Փիթեր Սեմնեբին ասուլիս է տալիս Թբիլիսիում, 22-ը փետրվարի, 2011թ.
Վրաստան - Փիթեր Սեմնեբին ասուլիս է տալիս Թբիլիսիում, 22-ը փետրվարի, 2011թ.
Փետրվարի 28-ին լրանում է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի գործունեության ժամկետը։

Հնարավոր է` այդ պաշտոնը ընդհանրապես վերացվի։ 2010 թվականի ամռանը Եվրամիության արտաքին հարցերով պատասխանատու Քեթրին Էշթոնը հայտարարել է, թե Եվրամիությունը մտադիր է կրճատել իր ներկայացուցիչներին Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում եւ Մոլդովայում։

Փիթեր Սեմնեբին հիմա տարածաշրջանային վերջին այցելությունն է կատարում։

Երեքշաբթի Թբիլիսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ ռուս - վրացական հարաբերությունները կարող են կարգավորվել միայն երկխոսության ճանապարհով:

«Միայն երկխոսությունը կարող է երկարատեւ կայունություն ապահովել տարածաշրջանում։ Այս կապակցությամբ [Վրաստանի] նախագահի ջանքերը` բանակցելու Ռուսաստանի հետ, ողջունելի են», - ասել է Սեմնեբին` ընդգծելով, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները լուծելու համար բանակցություններին այլընտրանք չկա։

Լրագրողները նկատել են, որ խոսելով ռուս - վրացական հակամարտության մասին` Եվրամիության հատուկ ներկայացուցիչը չի օգտագործել «օկուպացիա» բառը, եւ այդ մասին հարցրել են նրան։

Սեմնեբին պատասխանել է, որ կոնֆլիկտային իրավիճակում այնքան էլ կարեւոր չէ պիտակներ օգտագործելը։ Նա ասել է, թե ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի երկու կողմերը ըմբռնեն բոլոր խնդիրները լուծելու ճանապարհը` չնայած արմատական տարբերությանը։

Ասուլիսում անդրադարձ է կատարվել նաեւ Վրաստանի ներքին քաղաքականությանը:

Սեմնեբին կարծիք է հայտնել, որ քաղաքական անսովոր իրավիճակ է, երբ մի ուժը կենտրոնական եւ տեղական իշխանություններում շատ ուժեղ դիրքեր ունի։ Քաղաքական այդ ուժի վրա մեծ պատասխանատվություն է ընկնում, որպեսզի ձեւավորի քաղաքական այնպիսի մթնոլորտ, որտեղ կարող են մասնակցություն ունենալ նաեւ քաղաքական այլ ուժեր:

«Այսինքն, իշխող թիմը թթվածին չի տալիս քաղաքական մյուս ուժերին», - լրագրողների ճշտող այս հարցադրմանը Փիթեր Սեմնեբին պատասխանել է. - «Ես չեմ գնահատում, ես դիտարկում եմ»։

Նա նաեւ Վրաստանի իշխանություններին խորհուրդ է տվել ավելի բարելավել ընտրական համակարգը:

Վրաստանը դրական է գնահատում Սեմնեբիի 5-ամյա գործունեությունը։ Կառավարության նիստում արտաքին գործերի փոխնախարար Նինո Քալանդաձեն ասել է, թե Փիթեր Սեմնեբին կատարել է իր պարտավորությունները իր հնարավորությունների շրջանակում եւ համակարգված աշխատել է վրացական կողմի հետ:

Փետրվարի 25-ին Փիթեր Սեմնեբին այցելելու է Ադրբեջան, որտեղ հանդիպումներ է ունենալու երկրի ղեկավարների, այդ թվում նախագահի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG