Մատչելիության հղումներ

Երեւանում շարունակում են քննադատել «ադրբեջանամետ» երիտասարդ կոմպոզիտորին


Կոմպոզիտոր Վահրամ Պետրոսյան

Կոմպոզիտոր Վահրամ Պետրոսյան

Երեւանում չի մարում վրդովմունքի ալիքը, որ բարձրացել էր օրերս երիտասարդ կոմպոզիտոր Վահրամ Պետրոսյանի այն հայտարարության պատճառով, որ ինքը ադրբեջանական երաժշտություն է սիրում: Այս հայտարարությունը շատ ակտիվորեն քննարկվում եւ քննադատվում էր նաեւ հայկական սոցիալական ցանցերում:

Մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսին երիտասարդ կոմպոզիտորը հայտարարել էր, թե ադրբեջանական երաժշտությունը հոգեհարազատ է իրեն: Նա նաեւ ասել էր, թե հայկական երաժշտությունը շատ մոտ է ադրբեջանականին, հատկապես՝ գուսանական երաժշտությունը:

Երեքշաբթի օրը Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը խոսեց ոչ միայն Վահրամ Պետրոսյանի հայտարարության, այլ նաեւ ժամանակակից հայ երգարվեստի մասին, որն իր արեւելյան, արաբական մեղեդայնությամբ հաճախ շատերի տարակուսանքն է հարուցում, թե արդյո՞ք սա հայկական կարող է կոչվել: Ամիրխանյանի խոսքով՝ հաճախ նման երգերը կամ երաժշտությունը անգամ դժվար է երաժշտություն կոչել, դրանք, ըստ նրա, կարելի է անվանել «երաժշտական սուրոգատներ, ձեւախեղումներ»: Վահրամ Պետրոսյանի հայտարարության մասին էլ Ամիրխանյանն ասաց, թե դա կարելի է կոչել «վահրամյան սինդրոմ»:

Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյան
«Տողերի հեղինակը երեւի չի պատկերացնում, թե ադրբեջանական երաժշտությունը ինչ բան է, ադրբեջանական երաժշտության որ շերտն է, որ իրեն չափազանց հետաքրքրում է: Ինքնին որեւէ կոմպոզիտոր այդպիսի հայտարարություն չէր կարող անել, որովհետեւ նախ՝ կոմպոզիտորը ինքը հրաշալի պատկերացնում է, թե որն է հայի երաժշտությունը եւ դրա խնդիրները: Նման հարցադրումը ընդամենը միամտություն է եւ անտեղյակություն: Պետք է ասեմ, որ թերեւս այդպիսի կոմպոզիտոր մեր շարքերի մեջ չունենք: Երիտասարդը երեւի զբաղվում է մեզանում «մեր հացը» դարձած երգարվեստի գործերով, մտած է բիզնեսի մեջ եւ երեւի կողմնորոշված է շուկայի վրա», - ասաց Ամիրխանյանը:

Ըստ Ամիրխանյանի՝ հայերը հեշտությամբ համակերպվել են նրա հետ, որ հայկական շուկայում ամենավաճառվող ապրանքը թուրքականն է, եւ այս պարագայում դիմադրություն չկա:

«Ինչո՞ւ երգի մեջ հանկարծ սա հիվադագին զգացում է առաջացնում: Բնական է, որ այստեղ վտանգված ազգային արժանապատվության խնդիր է գոյանում», - կարծիք հայտնեց Կոմպոզիտորների միության նախագահը:

Ամիրխանյանը վերհիշում է, որ տարիներ առաջ «Եվրատեսիլ» երգի մրցույթում հայ երգիչ Անդրեի ներկայացրած երգը թուրքական տարրեր էր պարունակում, եւ դա առիթ տվեց թուրքերին ասելու, որ հայերը ինքնուրույն երաժշտություն չունեն եւ ստիպված թուրքականն են օգտագործում: Այնինչ, ըստ կոմպոզիտորի, Կոմիտասը դեռ հարյուր տարի առաջ եվրոպական բեմերը նվաճել էր հենց հայկական երաժշտությամբ:

Ամիրխանյանի կարծիքով՝ շատերը թուրքական տարրեր են օգտագործում իրենց երաժշտության մեջ, որովհետեւ շուկան է ստիպում, իսկ մասսայական մշակությով զբաղվում են պատահական մարդիկ, որոնք իրենց առջեւ գեղարվեստի խնդիր չեն դնում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG