Մատչելիության հղումներ

Էջմիածնում ավագ դպրոցի աշակերտի և տնօրենի «վիճաբանությունը» հանգեցրել է քրեական գործի հարուցման


Էջմիածնի թիվ 2 դպրոցը

Էջմիածնի թիվ 2 դպրոցը

Դպրոցում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով Էջմիածնի թիվ 2 դպրոցի 10-րդ դասարանցի Ալբերտ Հարությունյանն այժմ սովորում է թիվ 5-րդ դպրոցում: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Ալբերտը պատմեց, որ իր եւ տնօրենի որդու միջեւ «տղայական» վիճաբանություն է տեղի ունեցել, որին «միջամտել է» տնօրենը:

Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը փոխանցեց, որ մամուլում բուռն քննարկումների թեմա դարձած վեճի ընթացքում աշակերտ Ալբերտ Հարությունյանը «հրել է իրեն, հարվածել ձեռքին եւ անհարգալից վարք դրսեւորել»:

Աշակերտ Ալբերտ Հարությունյանը դժգոհում է, որ թիվ 2 դպրոցում ոտնահարվում են աշակերտների իրավունքները, տնօրենն էլ պնդում է, որ իր «միջամտության» եւ աշակերտներին վիրավորանքներ հասցնելու մասին խոսակցությունները զրպարտություն են:

Տեղի ոստիկանությունից տեղեկացանք, որ այս պատմությունը հիմք է ծառայել որպեսզի քրեական գործ հարուցվի քրեական օրենսգրքի 309 հոդվածի առաջին մասով` պաշտոնական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով:

Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյան
Նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» կիրառելու վերաբերյալ: Հրամանի համար հիմք են ծառայել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանի զեկուցագիրը, տնօրեն Ս. Նազարյանի բացատրագիրը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG