Մատչելիության հղումներ

Հայաստանում հասարակական կազմակերպությունները այնքան էլ մեծ ազդեցություն չունեն


Հայաստան -- Բնապահպանների բողոքի ակցիան Երեւանում դելֆինարիում բացելու դեմ, Երեւան, 24-ը դեկտեմբերի, 2010թ.

Հայաստան -- Բնապահպանների բողոքի ակցիան Երեւանում դելֆինարիում բացելու դեմ, Երեւան, 24-ը դեկտեմբերի, 2010թ.

Երեւանում երեքշաբթի օրը հրապարակված «Քաղաքացիական հասարակության ինդեքս. Հայաստան» զեկույցը վկայում է, որ մի շարք այլ խնդիրների հետ միասին Հայաստանում քաղաքացիական հասարակության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերը հասարակական կազմակերպությունների ազդեցության մակարդակն է:

«Քաղաքացիական հասարակությունը դեռեւս ներգործության առումով այդքան էլ ուժեղ չէ, եւ չնայած արագ արձագանքելու կարողությանը, ինչպես նաեւ սոցիալական խնդիրների վերաբերյալ իրենց արձագանքին, ոչ միշտ է, որ գործողությունները նկատելի են եւ վերածվում են ներգործության եւ ազդեցության», - ասում է այս ծրագրի համակարգող «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչի կարծիքով էլ, երբ քաղաքացիական հասարակությունը գործելու քաջություն է ունենում, այն կարող է սարեր շուռ տալ:

«Երբեմն կառավարությունները նմանվում են այդ սարերին: Երբ հասարակական կազմակերպությունները թե՛ հասարակությունում, թե՛ կառավարությունում արմատական փոփոխությունների հարցում վայելում են մարդկանց աջակցությունը, սա գրեթե միշտ նշանակում է, որ սարի համար եկել է տեղաշարժվելու ժամանակը», - ասաց դեսպան Յովանովիչը:

Դեսպանը, հղում կատարելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Հանրապետական կուսակցության համագումարում հնչեցրած ելույթին, թե Հայաստանը հասարակական վերահսկողության կարիք է զգում, շեշտեց, թե պետք է գիտակցել, որ կառավարության քննադատությունը հավատարմության կամ հայրենասիրության պակաս չի նշանակում:

«Այսինքն` ասել կառավարությանը, իշխանությանը այն, ինչ նա ուզում է լսել, նշանակում է արջի ծառայություն մատուցել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց Յովանովիչը եւ հավելեց. - «Հայաստանում ժողովրդավարացման հաստատման գործում քաղաքացիական հասարակությունը կարող է երկակի դեր խաղալ` մի կողմից քննադատելով կառավարության վարած քաղաքականությունն ու իրականացվող քայլերը, մյուս կողմից` սերտորեն համագործակցելով կառավարության հետ եւ մասնակցելով որոշումների կայացման գործընթացին»:

Ըստ նրա՝ զարգացման հաջորդ փուլ անցնելու համար թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Հայաստանը, թե՛ որեւէ այլ երկիր պետք է ավելի անալիտիկ մտածողություն ունենան, ավելի կոշտ լինեն ու քննադատորեն մոտենանք իրենց պատկերացումներին:

«Քաղաքացիական հասարակության ինդեքս. Հայաստան» զեկույցը ուսումնասիրել եւ որպես հաջողված է գնահատում բնապահպանական կազմակերպությունների համագործակցության փորձը, շեշտելով, թե այս դեպքում ՀԿ-ներին հաջողվեց մի կողմ դնել անձնական նկրտումներն ու դրամաշնորհ ստանալու անթաքույց ձգտումը եւ «Էկոլոգիական հասարակական դաշինք» կազմել, որն այս ընթացքում կարողացավ բարձրաձայնել հասարակությանը հուզող բնապահպանական խնդիրները եւ առանձին դեպքերում նաեւ հաջողության հասնել:

Դաշինքի անդամ «Հանուն կայուն մարդկային զարգացման» կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե բնապահպանական կազմակերպությունների ազդեցությունը բարձր գնահատելը սխալ կլինի:

«Ճիշտ է, ունենք որոշ հաջողություններ, բայց անհամեմատ է այն պրոբլեմների հետ, որոնք կանգնած եմ մեր առջեւ, եւ մենք դեռ լուծել չեն կարողանում», - ասաց Դանիելյանը:

Ըստ նրա, երբ դաշինքը նոր էր ստեղծվում, բնապահպանների նկատմամբ լուրջ թերահավատություն կար, բացի այդ, ինչպես եւ բոլոր հասարակական կազմակերպությունների դեպքում ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա, հնչում է մեղադրանք, թե «դրամաշնորհ յուրացնող», այլ կերպ ասած` «գրանտակեր» են:

«Բայց հանրությունը տեսնում է, որ դա այդպես չէ, որ մեր խնդիրը իրոք երկիրը պահպանելն է հաջորդ սերունդների համար», - ասաց բնապահպանը:

Ըստ Հայաստանում ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսի՝ քաղաքացիական հասարակության հանդեպ անվստահությունը նաեւ պայմանավորված է նրանով, որ, ցավոք, հասարակական կազմակերպություններից գերակշիռ մասը քաղաքականացված է:

«ՀԿ-ների մեջ մեծ թիվ են կազմում տարբեր քաղաքական նախասիրություններ ունեցող, մեկ անձի շուրջ ձեւավորվածները, ուստի զարմանալի չէ, որ սուբյեկտիվ գործոնն այստեղ գերակայող է դառնում: Իմ կարծիքով, հասարակական կազմակերպությունները իրենց գործունեությունը պետք է հիմնեն ծրագրերի, ամբողջական կոնցեպցիացիաների վրա: Իսկ ընդհանուր քաղաքականացված դաշտում նման կազմակերպությունները հազվադեպ հանդիպող երեւույթներ են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Կապինոսը:
XS
SM
MD
LG