Մատչելիության հղումներ

Լիբիացի դիվանագետը ցեղասպանություն է որակում Քադաֆիի գործողությունները


ՄԱԿ-ում Լիբիայի փոխդեսպան Իբրահիմ Ալ-Դաբաշի

ՄԱԿ-ում Լիբիայի փոխդեսպան Իբրահիմ Ալ-Դաբաշի

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին հերքել է Վենեսուելա իր փախուստի մասին լուրերը:

Լիբիայի պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է, թե ինչպես է երկրի ղեկավարը դուրս գալիս իր տնից:

Քադաֆին հայտարարել է. - «Ես ցանկանում եմ ցույց տալ, որ գտնվում եմ
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին ելույթ է ունենում իր կողմնակիցների հանրահավաքում, Նալութ, 19-ը փետրվարի, 2011թ.
Տրիպոլիում, այլ ոչ թե Վենեսուելայում: Մի' հավատացեք այն հեռուստաալիքներին, որ պատկանում են թափառող շներին»:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Լիբիայի ղեկավարը փախել է երկրից, հեռուստաալիքները ցուցադրում էին ռազմական ինքնաթիռները, որոնցով Քադաֆին ենթադրաբար լքել էր երկիրն ու Վենեսուելա փախել:

Քադաֆիի որդին եւ նրա ժառանգորդը` Սաիֆ Ալ-Իսլամն այսօր հերքել է տեղեկատվությունը խաղաղ բնակչության դեմ օդուժ կիրառելու մասին: Նրա խոսքով` ռմբահարման են ենթարկվել միայն զինամթերքի պահեստները, որոնք գտնվում են բնակելի շրջաններից հեռու: Սակայն արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը եթերում կադրեր է ցուցադրել, որոնցում երեւում են տասնյակ խեղված մարմիններ:

Լիբիայից ստացվող տեղեկությունների համաձայն` բախումների արդյունքում զոհվել են մի քանի հարյուր մարդիկ, Քադաֆիի վարչակազմը պահպանում է վերահսկողությունը մայրաքաղաք Տրիպոլիի նկատմամբ, մինչդեռ երկրի հարավում գտնվող մի քանի քաղաքների ղեկավարներ անցել են ցուցարարների կողմը:

Արեւմտյան մի շարք երկրներ, այդ թվում` Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, դատապարտել են Լիբիայի իշխանությունների գործողությունները, Միացյալ Նահանգները խիստ մտահոգություն է հայտնել ցուցարարներին ցրելու համար զինված ուժերի օգտագործման վերաբերյալ:

Արտերկրում Լիբիայի որոշ դեսպաններ իրենց աջակցությունն են հայտնել ցուցարարներին: Հնդկաստանում, Չինաստանում եւ Արաբական լիգայում Լիբիայի դեսպանները ի նշան ցուցարարների հետ համերաշխության հրաժարվել են իրենց պաշտոններից:

ՄԱԿ-ում Լիբիայի փոխդեսպան Իբրահիմ Դաբաշին ասել է, որ Քադաֆին Լիբիայի ժողովրդի դեմ ցեղասպանություն է իրականացնում, եւ հայտարարել է, որ նա պետք է հեռանա:

«Նա պետք է հեռանա հնարավորինս շուտ: Նա պետք է դադարի Լիբիայի ժողովրդին սպանել, Լիբիայի ժողովուրդը բավական համբերատար էր վերջին 42 տարիների ընթացքում, եւ ես կարծում եմ, որ նա պետք է հրաժարական տա եւ լքի երկիրը որքան հնարավոր է շուտ», - հայտարարել է Դաբաշին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը եւս հայտարարություն է արել Լիբիայի իրադարձությունների կապակցությամբ` մասնավորապես, ասելով. - «Լիբիայի իշխանությունները կրակում էին ցուցարարների վրա ռազմական ինքնաթիռներից եւ ուղղաթիռներից: Սա անընդունելի է: Այս ամենին պետք է անհապաղ վերջ դրվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG