Մատչելիության հղումներ

Զեկույց. 2010 թվականի ընթացքում հայկական բանակում մահվան 42 դեպք է տեղի ունեցել


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2010 թվականին բանակում տեղի ունեցած մահացությունների վիճակագրությունը: Հասարակական կազմակերպության պնդմամբ, անցած տարվա ընթացքում բանակում մահվան 42 դեպք է տեղի ունեցել` որոնցից միայն 10-ի վերաբերյալ է պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություններ տարածել:

Փետրվարի 22-ին Երեւանում «Մարդու իրավունքների պաշտպանությունը բանակում» թեմայով կլոր սեղանի ժամանակ ներկայացնելով իրենց զեկույցը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարեց, որ դեպքերի մեծամասնությունը կանոնադրական հարաբերությունների խախտման հետեւանք են:

Քննարկմանը մասնակցող հասարակական սեկտորի ներկայացուցիչները պնդում էին, որ բանակում սպայական կազմին հովանավորում են, զերծ են պահում պատասխանատվությունից, բանակում կա անպատժելիության մթնոլորտ:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վիրաբ Խաչատրյանը արձագանքեց, թե չի կարծում, որ բանակում տիրում է անպատժելիության մթնոլորտ: Նա նաեւ պնդեց, որ իրենց կառույցը այսօր քաջ գիտակցում է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, ասաց` դա վստահությունն ամրապնդելու միջոց է:

«Անհրաժեշտ է անհանդուրժող լինել իրավախախտումների վերաբերյալ», - առաջարկեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերով փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Զինվորական ծառայության ընթացքում մահացած ժամկետային զինծառայող Սերգեյ Մանուկյանի ընտանիքի փաստաբան Տիգրան Մուրադյանը երիտասարդի մահվան դեպքի մասին խոսեց:

«Սպաները այնքան են հալածել, նվաստացրել եւ ծեծի ենթարկել այդ զինվորին, որ նա ինքնասպանության է դիմել: Զինվորը մահացել է, սակայն սպաներից մեկը մինչ օրս ազատության մեջ է», - ասաց փաստաբանը` հավելելով, թե քանի որ վկաները սպայի ստորադասներն են եղել, նրան հաջողվել է պաշտոնական դիրքը չարաշահելով խոչընդոտել նախաքննության ընթացքին:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը արձագանքեց. - «Նման դեպք չի եղել, երբ որ մեղավոր անձինք պատասխանատվության չենթարկվեն: Թե ինչ ուղղությամբ է գնացել քննությունը, ինչ հանգամանքներ են ի հայտ եկել, ես չեմ ուզում այսօր այստեղ քննարկել, քանի որ ծառայության էթիկան ինձ դա թույլ չի տալիս»:

Քննարկմանը ներկայացվեցին մի քանի զինծառայողների մահվան դեպքեր, դրանց վերաբերյալ հնչեց պաշտպանության նախարարության ներկայացուցիչների տեսակետը, հասարակությանը բանակի հետ համագործակցության կոչ արվեց:

Արձագանքելով հնչեցված տեսակետներին` «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայկական մասնաճյուղի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը իր խոսքում, մասնավորապես, ասաց. - «42 զոհ, 18-20 տարեկան: Ես գտնում եմ, որ կա ընդամենը մեկ հարց` դա մարդկային կյանքն է: Մնացած ցանկացած բացատրություն, հասկացություններ, կոչեր կառուցողական աշխատանքի` դրանք կարող են լինել ածանցյալ, հնարավոր միջոցներ: Եկեք բացենք խաղաքարտերն ու ասենք` մենք ինչ պրոբլեմ ունենք»:

ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը խոսեց հասարակական վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտության մասին` իր կազմակերպության օգնությունն առաջարկելով այդ հարցում:

Մինչդեռ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Արամյանը քննարկումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իր կազմակերպությունը այս նույն առաջարկը հնչեցրել են, սակայն պաշտպանության նախարարությունը չի արձագանքել:

Միջոցառումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պաշտպանության նախարարության խոսնակ Դավիթ Կարապետյանը իրավապաշտպան կազմակերպության հրապարակած թվերը «իրականությանը չհամապատասխանող» որակեց` այս պահին ձեռնպահ մնալով հրապարակել նախորդ տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի պաշտոնական վիճակագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG