Մատչելիության հղումներ

Փետրվարի 22-ի մամուլ


«Առավոտ»-ի հետ զրույցում իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը համոզմունք է հայտնում, թե Հայաստանում մարդկանց սոցիալական վիճակն այնքան վատ չէ, որ այստեղ եւս տեղի ունենան արաբական սցենարով հեղափոխություններ: - «Ի տարբերություն արաբական երկրների, որտեղ տեղի ունեցան այդ հեղափոխությունները, Հայաստանն ավտորիտար երկիր չի: Մի մոռացեք, որ մենք ԵԽ անդամ ենք, եւ այդ կառույցը մինչեւ այսօր ոչ միայն մեզ հանդուրժել է, այլեւ առաջարկել է Արեւելյան գործընկերություն, այսինքն` մենք Թունիս չենք, Եգիպտոս չենք: Ես չեմ ասում, թե մենք 100 տոկոսով ժողովրդավար երկիր ենք, մենք ժողովրդավարացման գործընթացի մեջ ենք: Եվ այդ օրինակը բերել մեզ վրա չի կարելի, դա իսլամական որոշակի արժեքների հակադրում էր: Այո, սոցիալական խնդիրները մեզ մոտ լիակատար, լավ լուծված չեն, բայց սա այն մակարդակը չէ: Մենք այլ` հնդեվրոպական քաղաքակրթության կրող ենք, իսկ դրանք իսլամական քաղաքակրթության կրող են, եւ համաձայն չեմ այդ պրոցեսները միագիծ համեմատել մեզ հետ: Դրսի արհեստական գաղափարները բերել եւ հրամցնել մեզ ճիշտ չի: Նկատի ունեմ` պետք չէ իշխանություններին հակադրվելու համար այլոց գաղափարները փորձել ներմուծել: Այո, ընդդիմություն պետք է լինի, այո, պետք է լինի ուժեղ ընդդիմություն, որը կկարողանա խթանել իշխանությանը առավել ժողովրդահաճո ծրագրեր իրականացնելու համար»:

Թեման շարունակում է «168 ժամ»-ը` գրելով. - «Հայաստանում «սոցիալական բունտի» նախադրյալներն ամեն օր ավելի արտահայտիչ են դառնում շարքային քաղաքացիների առօրյա կյանքում, կենցաղում, եւ դա նկատելու համար «մեծ քաղաքականության» մասնակից լինել պետք չէ: Միայն սննդամթերքի անընդհատ թանկացումները մարդկանց օր օրի ավելի են մոտեցնում այն սահմանագծին, որից այն կողմ հենց այդ «սոցիալական բունտ» կոչվածն է: Ընդ որում, կարծիքները, որ դրա հավանականության մեծացմանը նպաստում են արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխական շարժումները, դրանից բխող ոգեւորությունը, մեղմ ասած, չափազանցված են, քանի որ ՀՀ-ում իսկապես սոցիալական վիճակը դառնում է անտանելի: Իշխանությունները որեւէ կոնկրետ քայլ չեն անում այդ իրավիճակը մեղմելու ուղղությամբ եւ խորապես ներքաշված են մի կողմից` ներքաղաքական «ռազբորկաների», մյուս կողմից` արտաքին քաղաքական խաղերի մեջ: Իշխանությունն իրականում որեւէ քայլ չի անում գոնե սեփական դիրքերը պահպանելու նպատակով հասարակական դժգոհությունը մեղմելու ուղղությամբ: Իշխանական համակարգի ողջ ռեսուրսը ծախսվում է կամ ներքաղաքական հարաբերությունների, կամ արտաքին քաղաքական խնդիրներից «այս անգամ էլ լավ պրծնելու» վրա»:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթին մտահոգում են ղարաբաղյան վերջին զարգացումները: - «Ղարաբաղյան կարգավորման հարցում ակնհայտորեն ինչ-որ խորքային պրոցեսներ են ընթանում, ընդ որում` ընթանում են շեշտակի արագությամբ: Հայաստանի իշխանությունները, բնականաբար, հարկ չեն համարում տեղյակ պահել հասարակությանը (պարբերաբար հնչող «հաղթական» հայտարարությունները որեւէ ինֆորմացիա չեն պարունակում), եւ մեզ մնում է միայն ենթադրություններ անել, թե ինչ է տեղի ունենում իրականում, ինչ հարցեր են քննարկվելու մարտի 5-ին Սոչիում», - գրում է թերթը եւ կանխատեսում հնարավոր երկու սցենար` առաջին. կողմերը համաձայնության են գալիս վերջնական փաստաթղթի շուրջ, Ադրբեջանը ճանաչում է ԼՂՀ ինքնորոշման իրավունքը, հանրաքվեի ժամկետները հստակեցվում են, հայկական ուժերը դուրս են բերվում մի քանի շրջաններից, եւ այլն: Եվ երկրորդ` բանակցությունները վերջնականապես ձախողվում են, եւ պատերազմը վերսկսվում է:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, մինչդեռ, «Երկիր» թերթի հետ հարցազրույցում քիչ հավանական է համարում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը. - «Ճիշտ է, այն բացառել երբեք չի կարելի, 2008-ի օգոստոսին Սահակաշվիլին սկսեց պատերազմը, թեպետ դրա համար ոչ մի ռացիոնալ նախադրյալ չուներ: Ասենք, հնարավոր է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի ռազմական գործողությունները վերսկսելու մասին, բայց դրա համար ռացիոնալ խթան գոյություն չունի: Նախեւառաջ, ռազմական գործողությունների գոտում նկատվում է ռազմատեխնիկական հավասարակշռություն, իսկ երբ դա կա, արագ պատերազմը կամ բլիցկրիգը անհնար է: Իսկ եթե դու սկսում ու պարտվում ես, դրանից հետո քո վիճակը ավելի է վատանում, քան պատերազմից առաջ: Հասկանալի է, որ Ադրբեջանի ցանկացած ղեկավար, ով պատերազմ սկսի ու չկարողանա վերադարձնել ամբողջ Ղարաբաղը, ուղղակի կդադարի իր երկրի նախագահը լինել: Ներկայումս Ադրբեջանը չի կարող բլիցկրիգ կատարել, եւ դա էլ հենց պատերազմի չվերսկսման երաշխիքն է: Բացի դրանից, կա նաեւ արտաքին քաղաքական գործոնը. Ոչ ոք, բացի Ադրբեջանից, շահագրգռված չէ մարտական գործողությունների վերսկսմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG