Մատչելիության հղումներ

Հարավային հարեւանությունը` Արեւելյանից կարեւո՞ր


Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտ
Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտ
Բրյուսելում Եվրոպական միության արտգործնախարարների հավաքի օրակարգում նախ եւ առաջ եղել է արաբական աշխարհում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների խնդիրը։

Նախարարները խստորեն դատապարտել են Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի վարչակազմի` սեփական ժողովրդի նկատմամբ ձեռնարկած բռնությունները։

Բրուսելում կարծիքներ են հնչել, թե հաշվի առնելով Հյուսիսային Աֆրիկայի զարգացումները` Եվրոպական միությունը պարտավոր է ավելի մեծ ուշադրություն հատկացնել այդ տարածաշրջանին եւ ավելացնել ֆինանսական աջակցությունը։

Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունաստանի, Մալթայի եւ Սլովենիայի արտգործնախարարները փետրվարի 16-ին Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնին հասցեագրված նամակում գրել են, որ «Թունիսում եւ Եգիպտոսում քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների պահանջով ծավալված ժողովրդական աննախադեպ շարժումները վկայում են, որ Եվրոպական միությունը պետք է վերաբաշխի իր գործողությունները Հարավային հարեւանության օգտին»։

Պետք է նկատել, որ նախաձեռնության հեղինակները ղեկավարում են «հարավային» երկրների արտաքին գերատեսչությունները։ Հյուսիսային Աֆրիկայից այդ երկրները ընդամենը Միջերկրական ծովն է բաժանում, նշված պետություններում մտահոգությամբ են հետեւում զանգվածային ընդվզումներին եւ ավելի հրատապ են համարում Հարեւանության ծրագիրը հարավային ուղղությամբ զարգացնելու գաղափարը։

Արդյո՞ք այդ տեսակետը գերիշխող կդառնա Եվրամիությունում` այս հարցով «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում հավատարմագրված թղթակից Ռիկարդ Ջոզվիակը դիմել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտին։

«Այդ «հարավային» երկրները սովորաբար պնդում են, թե հատկացումների երկու երրորդը հարկ է տրամադրել Հարավին եւ մեկ երրորդը` Արեւելքին։ Մենք էլ արձագանքում ենք, թե այդ առաջարկը կյանքի կոչելու իրական մեխանիզմ չենք տեսնում։ Դա առաջին հերթին կապված է այն բանի հետ, թե ինչպես են ֆինանսական աջակցությունը ստացող երկրները տնօրինում գումարը», - ասել է Բիլդտը։

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով նա մեկնաբանել է նաեւ այս տարվա մայիսի 27-ին Հունգարիայում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը հետաձգելու եւ տարվա երկրորդ կեսին այն Լեհաստանում գումարելու որոշումը։

Կարլ Բիլդտը այս հարցում էլ խնդիր չի տեսնում։ «Ես գագաթնաժողովի հետաձգումը խոչընդոտ չեմ համարում։ Դա չի խոսում գործընկերության նկատմամբ Հունգարիայի վատ վերաբերմունքի մասին։ Գագաթնաժողովը կգումարվի Լեհաստանի նախագահության օրոք։ Ի վերջո, Լեհաստանը նախաձեռնության հայր-հիմնադիրներից է, ուրեմն` գագաթնաժողովը ապահով ձեռքում կհայտնվի», - ասել է Շվեդիայի արտգործնախարարը։

Արեւելյան գործընկերության նախաձեռնությամբ 2008 թվականի մայիսի 26-ին համատեղ հանդես են եկել Շվեդիան եւ Լեհաստանը։

Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված են 6 հետխորհրդային երկրներ` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG