Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը հետ չի կանգնի փողոցային առեւտուրն արգելող որոշումից


Մանրածախ առեւտրականները բողոում են Երեւանի քաղաքապետարանի դիմաց, 19 հունվար, 2001

Մանրածախ առեւտրականները բողոում են Երեւանի քաղաքապետարանի դիմաց, 19 հունվար, 2001

Երեւանի քաղաքապետարանը փողոցային առեւտրի արգելման վերաբերյալ կայացրած որոշումից չի նահանջի:

Երկուշաբթի օրը լրագրողների հետ կայացած հանդիպմանը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ Հովհաննես Ղալեչյանը հայտարարեց, թե փողոցային առեւտուրն արգելող որոշման համար ժամանակը հատուկ է ընտրվել, որպեսզի փողոցային առեւտրի ամենաթեթեւ շրջանում հնարավորինս քիչ առեւտրականներ տուժեն:

«Շաբաթական կտրվածքով մոնիտորիգ է կատարվում: Շուկաներից ստացված տեղեկատվության համաձայն, արդեն 150-200 մարդ տեղափոխվել է շուկաներ, ու այս թիվը անընդհատ փոփոխվում է: Մի մասը հնարավոր է, որ դեռ կողմնորոշման փուլում են, բայց բողոքավորների հավաքներից տեսնում եք, որ մի քանի տասնյակ մարդիկ են, որ առայժմ ոչ մի ուրիշ տարբերակ չեն ուզում լսել», - ասաց Ղալեչյանը:

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը թեեւ ողջունում է բացօթյա առեւտուրն արգելելու Երեւանի քաղաքապետի որոշումը, որը, ըստ նրա, պետք է արմատախիլ արվի, սակայն նաեւ կարծում է, որ պետք է մանրածախ առեւտրականներին համապատասխան տեղով ապահովել: Ըստ նրա` ժամանակին տաղանդավոր ճարտապետների կողմից կառուցված շուկաները հնարավորություն են տալիս լուծել սպառողների կողմից գնվող սննդի անվտանգության խնդիրը եւ արգելված փողոցային առեւտուր անողների զբաղվածության հարցը:

«3000 տեղ հատկացված է, ես գտնում եմ, որ դա քիչ է, պետք է էլի լինի, եւ զեղչ լինի, ավելի էժան լինի այն վարձակալության չափից, որը նրանք փողոցում վճարում են անհայտ կամ շատ հայտնի մարդկանց», - ասաց Պողոսյանը:

Ղալեչյանն էլ տեղեկացրեց, թե քաղաքապետարանը նախկինում բացօթյա առեւտրով զբաղվողների համար տեղեր հատկացնելու նպատակով դիմել է ներկայումս Երեւանի գյուղմթերքի թերբեռնված, հնարավորությունների ընդամենը 10 տոկոսի չափով աշխատող շուկաների տնօրեններին` սկզբնական շրջանում առեւտրականներից ընդհանրապես վարձավճար չգանձելու կամ գոնե քիչ գումար գանձելու նպատակով:

Հարցին, թե կարող է արդյո՞ք քաղաքապետարանը ազդել Փակ շուկայի կամ Գումի շուկայի սեփականատերերի վրա վարձավճարների անհարկի ավելացնելու գործում, Ղալեչյանը պատասխանեց, որ «շուկայի տնօրենին որեւէ գին թելադրելը ուղղակիորեն անհնար է»:

Շուկաների միջեւ մրցակցություն ստեղծելու նպատակով քաղաքապետարանը խոստանում է Երեւանի առանձին համայնքներում իր միջոցներով կառուցել գյուղմթերքի շուկաներ, որտեղ ենթադրաբար վաճառողներին ավելի լավ պայմաններ կառաջարկեն:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG