Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» կոչ է անում ԱԺ արտահերթ նիստ հրավիրել փետրվարի 24-ին


Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենա Երեւանում, արխիվ
Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենա Երեւանում, արխիվ
«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունն այսօր պաշտոնական նամակով դիմել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, փոխնախագահ Սամվել Բալասանյանին, ԱԺ «ՀՀԿ», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ «ՀՅԴ» խմբակցությունների ղեկավարներ Գալուստ Սահակյանին, Գագիկ Ծառուկյանին, Հեղինե Բիշարյանին եւ Վահան Հովհաննիսյանին` առաջարկելով փետրվարի 24-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:

«Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն, արտահերթ նիստում առաջարկվում է քննարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների եւ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի երկու նախագծերը:

Մաքսային օրենսգրքում վերջին փոփոխությունները, որոնք ուժի մեջ մտան այս տարվա փետրվարի 5-ից, Հայաստանի հյուսիսային շրջաններում բողոքի տարբեր ակցիաների պատճառ են դարձել, քանի որ դրանց համաձայն վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների` Հայաստանի քաղաքացիություն ունեցող տերերը իրավունք ունեն տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ` 15-օրյա ժամկետով ժամանակավոր ներմուծել իրենց մեքենաները:

Չմաքսազերծված ավտոմեքենաների սեփականատերերը դժգոհում են, պնդելով, որ հնարավորություն չունեն մաքսազերծել իրենց մեքենաները եւ պահանջելով չեղյալ հայտարարել օրենսդրական փոփոխությունները:

Նախկինում, վրացական պետհամարանիշներով մեքենաները կարելի էր Հայաստանում շահագործել մեկ ամիս, ապա սահմանում ելք ու մուտք ձեւակերպել եւ կրկին շահագործել եւս մեկ ամիս, առանց մուտքերի քանակի սահմանափակման եւ առանց մաքսազերծման:

Ավտոսեփականատերերը բողոքում են նաեւ մաքսազերծման ընթացքում մեքենաների արժեքի որոշման, եւ, հետեւաբար` գանձվող հարկերի դրույքաչափի սահմանման կամայական բնույթից, նշելով, որ Վրաստանում մեքենան մաքսազերծելը մի քանի անգամ ավելի էժան է նստում, քան Հայաստանում, եւ բացի այդ` այնտեղ մեքենաների սեփականատերերը չեն բախվում բյուրոկրատական այն քաշքշուկների հետ, որոնք կան Հայաստանում:

Ավտոսեփականատերերի բողոքի ակցիաներին մասնակցած եւ անցած շաբաթներին հնարավորինս նրանց աջակցած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները անցած շաբաթ հայտարարել էին, որ պատրաստվում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով կառաջարկվեն գործող օրենքի վիճահարույց դրույթները կարգավորելուն ուղղված փոփոխություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG