Մատչելիության հղումներ

Իրավիճակը Լիբիայում դուրս է գալիս իշխանության վերահսկողությունից


Լիբիա - Ընդդիմադիր ցուցարարները տեղափոխում են իրենց վիրավորված ընկերոջը, Բենգազի, 18-ը փետրվարի, 2011թ.
Լիբիա - Ընդդիմադիր ցուցարարները տեղափոխում են իրենց վիրավորված ընկերոջը, Բենգազի, 18-ը փետրվարի, 2011թ.
Արեւմտյան մի շարք գործակալություններ պնդում են, որ իրավիճակը Լիբիայում վերջնականապես դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` մի քանի ժամ առաջ մայրաքաղաք Տրիպոլիում հազարավոր ցուցարարներ հրկիզել են Լիբիայի խորհրդարանի շենքը, ինչպես նաեւ հարձակվել են պետական հեռուստաընկերության շենքի վրա:

Ընդդիմության կողմնակիցների եւ անվտանգության ուժերի կատաղի ընդհարումները սկիզբ առան անցած շաբաթավերջին Լիբիայի մեծությամբ երկրորդ քաղաք Բենգազիում:

Մոտ երկու օր շարունակվող արյունահեղության արդյունքում, ըստ չճշտված տվյալների, մոտ 200 մարդ զոհվեց, Բենգազիում տեղակայված բանակային ստորաբաժանումներն էլ ի վերջո անցան ցուցարարների կողմը:

Երկուշաբթի առավոտյան, Բենգազիից ստացվող տեղեկությունների համաձայն, քաղաքն ընդդիմության լիակատար հսկողության տակ էր, հազարավոր բնակիչներ դուրս էին եկել փողոց` տոնելու կառավարական ուժերի հանդեպ տարած եւ ընդամենը մի քանի օր առաջ գրեթե անհնարին թվացող հաղթանակը:

Բողոքի ակցիաների թափն ու ցուցարարների հաստատակամությունը ստիպեցին 1969 թվականից երկիրը կառավարող Մուամար Քադաֆիին եւ նրա մերձավոր շրջապատին ընդունել այն իրողությունը, որ իրավիճակը երկրում ճգնաժամային է:

Անցած գիշեր Լիբիայի պետական հեռուստաընկերության եթերում հանդես եկավ Մուամար Քադաֆիի որդին` Սաիֆ Ալ-Իսլամը:

«Երկու օր առաջ ես լսեցի 250 սպանվածների եւ 180 վիրավորների մասին: Դա պարզապես անհավատալի չափազանցություն է: Իհարկե, երկու կողմից էլ սխալներ են եղել: Բանակն ու ոստիկանությունը պատրաստ չէին իրադարձությունների նման զարգացմանը: Կային նաեւ մարդիկ, որոնք խիստ զայրացած էին: Մեր համաքաղաքացիները, իհարկե, դժգոհելու իրավունք ունեն, բայց պետք է հասկանալ, որ բանակը պաշտպանում էր դիրքերն ու զորանոցները», - հայտարարեց Քադաֆիի որդին` հատուկ ընդգծելով, թե Լիբիան ո'չ Եգիպտոս է եւ ո'չ էլ Թունիս:

Կրտսեր Քադաֆին նաեւ կոչ արեց բողոքի ակցիաների մասնակիցներին երկխոսություն սկսել իշխանությունների հետ, որի առաջնահերթ նպատակը կլինի բարեփոխումների մեկնարկը:

«Վաղը մենք կարող ենք խուսափել արյունահեղությունից եւ ի վիճակի կլինենք կերտել նոր Լիբիան` հիմնված համընդհանուր համաձայնության վրա: Հակառակ պարագայում երկրում արյան գետեր են հոսելու, մենք կդիմադրենք մինչեւ վերջին փամուշտը` պայքարելով Լիբիան կազմալուծող տարրերի դեմ: Նման ընթացքը, սակայն, կնշանակի քաղաքացիական պատերազմ», - սպառնաց Մուամար Քադաֆիի որդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG