Մատչելիության հղումներ

Երեւան կայցելի ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը


Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգ
Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգ
Այս շաբաթ Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը` պետքարտուղարի Եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնի ուղեկցությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետների` փետրվարի 23-24-ը նախատեսվող այցի շրջանակներում քննարկվելու են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր, մասնավորապես` Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ վերլուծաբան Մանվել Սարգսյանի կարծիքով, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետների առաջիկա այցը պետք է դիտարկել մարտի 5-ին Սոչիում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կոնտեքստում:

«Դեկտեմբերի սկզբից, երբ որ Աստանայում եղավ ԵԱՀԿ-ի գագաթնաժողով, փաստորեն ստեղծվեց մի իրավիճակ, երբ ոտնկախվեց ամեն ինչը: Փորձ կա վերականգնել այդ բանակցային ֆորմատը նախագահների մակարդակով», - կարծիք հայտնեց փորձագետը:

Անցած հինգշաբթի Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարեց, թե մարտի 5-ին Սոչիում կկայանա Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումը:

Նույն օրը Հայաստանի նախագահը հրավիրեց Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են «ներկա եւ հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համակարգային կարողությունները»:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի այսօր տարածած հաղորդագրության համաձայն, փետրվարի 25-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ-Պետերբուրգ, ուր նախատեսվում է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ:

Հատկանշական է, որ մեկ շաբաթ առաջ Երեւանում էր Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ով Հայաստանի նախագահից ու արտգործնախարարից բացի, հանդիպումներ էր ունեցել Ազգային ժողովի խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, եթե Կարասինի այցի պարագայում չի կարելի բացառել, որ գործ ունենք Մոսկվայի մտահոգության հետ, թե ընտրություններին ընդառաջ ինչ է կատարվում է Հայաստանում, ապա ամերիկացի բարձրաստիճան դիվանագետների ժամանումը առաջին հերթին կապված է աշխարհաքաղաքական զարգացումների ու մասնավորապես` ղարաբաղյան հարցի հետ:

Փորձագետի գնահատմամբ, Աստանայից հետո ղարաբաղյան գործընթացում դադար է, եւ միջնորդ-երկրները փորձում են նոր լիցք հաղորդել բանակցություններին: Սակայն այդքանով հանդերձ, Իսկանդարյանի կանխատեսմամբ` ղարաբաղյան հարցում` «ոչինչ էլ չի փոխվի, քանի որ փոփոխությունների համար հիմքեր չկան, քանի որ ո´չ Բաքվում, ո´չ Երեւանում, ո´չ Ստեփանակերտում ոչ ոք չի պատրաստվում գնալ իրական փոխզիջման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG