Մատչելիության հղումներ

logo-print

ԲՀԿ-ն չի բացառում 2012-ի ընտրություններին կոալիցիայի` միասնական ցուցակով մասնակցությունը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը չի բացառում, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին կոալիցիոն երեք կուսակցությունները մասնակցեն միասնական ցուցակով:

«Ե'վ խորհրդարանական, ե'ւ նախագահական ընտրություններում իշխանությունը գնում է միասնական ճակատով: Միասնական ճակատը կարող է ենթադրել եւ միասնական ցուցակներ, կարող ենթադրել եւ որ յուրաքանչյուր կուսակցություն կարող է իր համար պայքարել, որից հետո այդ ձայները կհավաքվեն, եւ արդյունքում կոալիցիան ավելի պատկառելի ներկայացվածություն կունենա Ազգային ժողովում», - երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում ասաց Խաչիկ Գալստյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) նույնպես չի բացառում խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորությունը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, կոալիցիան այս հարցի շուրջ վերջնական որոշում կկայացնի իրավիճակից ելնելով:

«Կարող է 6 ամիս հետո մի քիչ իրավիճակը փոխվի, մենք հակված լինենք միասնական ցուցակի, կամ մի այլ իրավիճակ լինի երկրում, մենք առանձին-առանձին գնանք: Ցանկացած քաղաքական ուժ հիմնական գործողությունները պահում է իր պահոցում մի քիչ գաղտնի», - ասաց Զոհրաբյանը:

Սակայն «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, ի տարբերություն իր կոալիցիոն գործընկերների, քիչ հավանական է համարում միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելը, թեեւ ՕԵԿ խմբակցության ղեկավարի կարծիքով` ոչինչ բացառել պետք չէ:

«Բայց ես ավելի հավանական եմ համարում առանձին-առանձին գնալը», - ասաց Բիշարյանը:

Փետրվարի 17-ին ստորագրված հուշագրում կոալիցիոն ուժերը պայմանավորվում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում չեն փոխելու ուժերի հարաբերակցությունը: Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ, օրինակ, ԲՀԿ-ն չի փորձելու ավելի շատ տեղեր ստանալ, քան ունի այսօր, Գալստյանը պատասխանեց, - «Բնականաբար, կոալիցիոն երեք ուժերն էլ ձգտելու են ընտրությունների ընթացքում ավելացնել իրենց ձայների քվեն»:

Այս պահին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը միասին Ազգային ժողովում ունեն մոտ 100 պատգամավոր, եւ եթե, ըստ կոալիցիոն նոր հուշագրի, իշխող ուժերը ցանկանում են էլ ավելի մեծացնել իրենց ներկայացվածությունը ԱԺ-ում, ապա ստացվում է, որ հաջորդ խորհրդարանում ընդդիմություն գրեթե չի լինելու: Այս դիտարկմանն ի պատասխան, Գալստյանն ասաց, թե բացարձակ մեծամասնության մասին տեղին չէ կանխատեսումներ անել, եւ, ըստ նրա, 2012-ի խորհրդարանական ընտրությունները իրենց բովանդակությամբ էականորեն տարբերվելու են 2007-ի ընտրություններից: Մասնավորապես, 2012-ին Հայաստանում լինելու են «քաղաքական այլ խաղացողներ եւ քաղաքական այլ մրցավազք¸ հաշվի առնելով¸ որ ընդդիմադիր ճամբարում այսօր կան լուրջ քաղաքական ուժեր»:

«Ընդդիմադիր ճամբարում էլ կան լուրջ քաղաքական ուժեր: Իշխանության կոնսոլիդացիան միգուցե հուշի, որ ընդդիմությունն էլ կոնսոլիդացված ճակատով հանդես գա: Եթե ռեալ ընդդիմության մասին ենք խոսում, դաշտում երեք հիմնական գործող ընդդիմադիր ուժերը` ե'ւ ՀԱԿ-ը, ե'ւ «Ժառանգություն»-ը, ե'ւ Դաշնակցությունը, նրանք երեքն էլ ընդդիմադիր ճակատի ուժեր են», - ասաց Գալստյանը:

Նա հերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը թե Գագիկ Ծառուկյանին պարտադրել են ստորագրել կոալիցիոն հուշագիրը եւ 2013-ին սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Պարտադրված համաձայնությունները երկար կյանք ունենալ չեն կարող», - ասաց Խաչիկ Գալստյանը` ընդգծելով նաեւ, թե հնարավոր չի համարում, որ նախագահական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն հրաժարվի կոալիցիոն հուշագրից:

Հարցին, թե արդյո՞ք կոալիցիոն հուշագիրը ստորագրելով ԲՀԿ-ն մտավախություն չունի, որ կարող է ունենալ վարկանիշի անկում եւ այլեւս չի տարբերվի ՕԵԿ-ից, Գալստյանը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որ այնքան վատ բան է, որ ԲՀԿ-ի հեղինակությունը սկսի անկում ապրել: Ընդհակառակը` այս հուշագրի ստորագրումը եկավ ապացուցելու, որ ԲՀԿ-ն, ի դեմս նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, այս երկրի սթափ մտածող եւ ծանրակշիռ դերակատարում ունեցող քաղաքական ուժերից մեկն է»:

Հաշվի առնելով, որ կոալիցիոն նոր հուշագրով ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը պայմանավորվում են առաջիկա ընտրություններում միասնական գործելու եւ 2013-ին նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, հարց հնչեց, թե արդյոք ինչո՞վ են այս քաղաքական ուժերը տարբերվելու միմյանցից, ինչո՞ւ ընտրողը պետք է ձայն տա, ասենք, ԲՀԿ-ին կամ ՕԵԿ-ին, եթե նրանք կարող են ձայն տալ ՀՀԿ-ին եւ դրանից միեւնույն է` ոչինչ չի փոխվի:

Խաչիկ Գալստյանը հետեւյալ կերպ պատասխանեց. - «Այդ դեպքում ընտրողը ձայն կտա իշխանությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG