Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյան. «Վրաստանն անում է ռեֆորմներ, Հայաստանը չի անում»


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան
«Հայաստանում ո՛չ էվոլյուցիոն, ո՛չ էլ ռեւոլյուցիոն ճանապարհներով բարեփոխումներ չեն իրականացվում: Հայաստանում որեւէ բարեփոխում չի իրականացվում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շաբաթ օրը հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի բլոգում կատարված գրառմանը:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր բլոգում օրերս հանդես է եկել հայ-վրացական հարաբերությունների մասին հրապարակմամբ` անդրադառնալով նաեւ երկու երկրներում իրականացվող տնտեսական բարեփոխումներին:

Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, գրում է. - «Մեր երկու երկրների զարգացման մոդելները տարբեր են: Մենք ընտրել ենք բարեփոխումների էվոլյուցիոն, իսկ Վրաստանը՝ հեղափոխական ճանապարհը: Այդ ճանապարհներից յուրաքանչյուրն ունի իր դրական ու բացասական կողմերը: Մեր բարեփոխումները ենթադրում են իրականացման այլ տրամաբանություն: Այն ինչ մի դեպքում կիրառելի է, մյուս դեպքում կիրառելի չէ եւ պարզ համեմատություններն ու համադրումները, իմ կարծիքով, տեղին չեն»:

«Էվոլյուցիոն բարեփոխում չկա», - արձագանքում է Հրանտ Բագրատյանը. - «Այս վարչապետի օրոք ես չեմ հիշում որեւէ բարեփոխում, բացի երեխա ծնվելու սերտիֆիկատից: Անցյալ տարի Վրաստանի տնտեսությունը աճել է 6.7 տոկոս, Հայաստանինը` 2.6: Նախանցած տարի Հայաստանի [տնտեսական] անկումը եղել է 15 տոկոս, Վրաստանինը` 5.5: Հիմա ինքներդ դատեք Վրաստանի ու Հայաստանի տարբերությունը»:

«Ինձ մտահոգում է մեկ այլ բան, մարդիկ, ովքեր արդարացիորեն նշում են Վրաստանի առաջընթացը, չեն նկատում մեր երկրի հաջողությունները», - իր բլոգում գրել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, եւ հիշեցնելով օրերս Երեւանում գտնվող Վրաստանի վարչապետի հետ իր հանդիպումը` նշում. - «Իմ վրացի գործընկերը բարձր գնահատեց ֆինանսական հատվածում մեր հաջողությունները մասնավորապես ներքին պարտքի կառավարման, բանկային համակարգի ու ապահովագրության ոլորտների մեր ձեռբերումները»:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առարկում է. - «Այս մարդը [Տիգրան Սարգսյանը] 3 տարի աշխատել է` տնտեսությունը 8 տոկոս պակասել է, եւ այդ 3 տարվա մեջ 120 հազար մարդ լքել են Հայաստանը: Սրանք Հայաստանի Վիճվարչության թվերն են: Վրաստանը անում է ռեֆորմներ, Հայաստանը չի անում: Էվոլյուցիան ո՞րն է այդտեղ»:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան
Տիգրան Սարգսյանն անդրադառնում է նաեւ վերջին շրջանում աղմուկ հանած թեմային` Վրաստան հայկական կապիտալի արտահոսքին: Հայաստանի վարչապետը գրում է. - «Հաճախ էլ հարցնում են հայկական տարբեր բիզնեսների մասին, որոնք իբր «փախչում են» Վրաստան: Առաջացող այդ հարցի վերաբերյալ հիմնական խնդիրն այն է, որ դրա հեղինակները հաճախ տարբերություն չեն դնում դեպի Վրաստան բիզնեսի ընդլայնման ու տեղափոխման միջեւ: Ինչ վերաբերում է տեղափոխված ընկերություններին, ապա եթե այդպիսիք կան, առաջարկում եմ անդրադառնալ բոլոր այն կոնկրետ դեպքերին, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությունում բիզնեսի փակմանն ու Վրաստան տեղափոխմանը»:

«Իհարկե, Վրաստան հայկական բիզնեսի փախչելու միտումն այսօր կա»,- ասում է Հրանտ Բագրատյանը. - «Հայերը ապրելով Երեւանում` առնում են անշարժ գույք Վրաստանում: Դա փախուստ է, դա բիզնեսի ընդլայնում չէ: Վարչապետը սրա մասին լավ ինֆորմացիա կարող է ստանալ իր կուսակից հանրապետականներից: Բոլորն անխտիր Վրաստանում առնում են գույք»:

Ընդհանրացնելով հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ իր գնահատականները եւ, կարծես թե, ի մի բերելով Հայաստանում ու Վրաստանում առկա իրավիճակների համեմատությունը` վարչապետն իր բլոգում ընդգծում է. - «Մեր երկրի ու ժողովրդի կենսական շահերից է բխում ժողովրդավարական, հարուստ ու զարգացած հարեւան ունենալը: Այդ առումով Վրաստանի հաջողությունները մեզ պետք է ոգեւորեն եւ ոչ թե խանդ ու նախանձ առաջացնեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG