Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ուրբաթ օրը Մատենադարանի հարակից տարածքում կազմակերպված բազմամարդ հանրահավաքում պահանջեց նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ ընտրություններ:

Ելույթ ունեցան ՀԱԿ-ի մաս կազմող Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ, իհարկե, ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Արամ Մանուկյանը հայտարարեց, որ բողոքի ակցիաների նոր փուլ է սկսվում:

«Մենք սկսում ենք միտինգների նոր փուլ, որը, կարծում եմ, շատ շուտով մեզ բերելու է հաղթանակներ», - հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահը:

«Սերժ Սարգսյանի մուբարաքացումը ժամանակի հարց է»


Հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը գերազանցապես նվիրված էր երկրում սկիզբ առած սոցիալական բողոքի ակցիաներին եւ քաղաքացիական ակտիվության դրսեւորումներին, որոնք նա որակեց «հուժկու եւ վճռական»:

Անդրադառնալով Երեւանի փողոցներում բացօթյա առեւտրի արգելմանը, ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների բարձրացմանը, սոցիալական կենսաթոշակներ բաժանող տեսուչների ինստիտուտի վերացմանը, ավտոմեքենաների պարտադիր ապահովագրմանը եւ Հայաստանի տարածքում վրացական համարանիշներով մեքենաների երթեւեկության սահմանափակմանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. - «Հասկանալի է, որ այդ միջոցառումների արդյունքում տասնյակ հազարավոր ընտանիքներ զրկվելու են եկամտի աղբյուրից եւ ստիպված բռնելու են արտագաղթի ճամփան, իսկ մյուս կողմից՝ կրկին շահելու են մոնոպոլիաները եւ էլ ավելի աճելու են լայն սպառման ապրանքների գները»:

Սոցիալական բողոքի դրսեւորումները եւ այդ ցույցերի հաջողությունը, ՀԱԿ-ի առաջնորդի կարծիքով, կախված է այն բանից, թե դրանց կազմակերպիչները որքանով են պատրաստ դուրս գալ սոցիալական պահանջների նեղ շրջանակից եւ քաղաքականացնել խնդիրը, քանի որ դրական փոփոխություն չի կարող տեղի ունենալ` «քանի դեռ ներկա իշխանություններն ասպարեզից չեն հեռացել»:

«Այսպես շարունակվելու դեպքում, մանր ու միջին գործարարության դասը, որպես այդպիսին, պարզապես վերանալու է, եւ երկրի ողջ հարստությունը հայտնվելու է ավազակաբարո բարձրագույն պետական պաշտոնյաների ու մի քանի տասնյակ մոնոպոլիստների ձեռքում, ինչի անխուսափելի հետեւանքն է լինելու Հայաստանի ու Ղարաբաղի լիակատար մարդաթափումը», - հայտարարեց ընդդիմության առաջնորդը:

Զուգահեռներ անցկացնելով Ղրղըզստանի, Թունիսի, Եգիպտոսի հեղափոխական իրադարձությունների հետ` Հանրապետության առաջին նախագահը վստահություն հայտնեց, որ այդ «շքահանդեսը» վաղ թե ուշ հասնելու է նաեւ Հայաստան:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հավելեց, թե անցանկալի զարգացումներից խուսափելու միակ միջոցն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, որոնք արդեն, «քաղաքական անհրաժեշտությունից առավել, վերածվել են ազգի ու պետության գոյության խնդրի»։

«Իրավիճակն արմատապես վերափոխելուն ուղղված կոնկրետ գործեր ձեռնարկելու փոխարեն, վարչախումբն իրեն հանգստացնում է «Հայաստանում սոցիալական բունտ չի լինի» հանգերգով։ Սակայն, ի դժբախտություն այդպես կարծողների, սոցիալական բունտ կոչվածն, ինչպես ասում են, գեշ խասյաթ ունի. այն տեսանելի է դառնում միայն տեղի ունենալուց հետո։ Սոցիալական պայթյունի օրն, ըստ այդմ, նույնքան ծածուկ ու անակնկալ է, որքան ահեղ դատաստանի օրը, իսկ Սերժ Սարգսյանի մուբարաքացումն ընդամենը ժամանակի հարց է», - եզրափակեց ընդդիմության առաջնորդը:

Հանրահավաքի վերջում ելույթ ունեցող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց. - «Հաջորդ միտինգը մարտի 1-ին է լինելու` շատ ավելի հզոր, խնդրում եմ այս ինֆորմացիան տարածել մեր ժողովրդի մեջ եւ պատրաստվել շատ լուրջ իրադարձությունների»:

Հանրահավաքն ավարտվեց երթով:

Ազատության հրապարակը գրեթե դատարկ էր


Երեւանի քաղաքապետարանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո 42-րդ անգամ ՀԱԿ-ին արգելել էր հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում` պատճառաբանելով, որ այնտեղ փետրվարի 18-ին եւ դրան հաջորդող օրերի ընթացքում անցկացվելու են սպորտային եւ մշակութային միջոցառումներ:

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ սակավաթիվ մարդիկ ունկնդրում են Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած համերգը:
XS
SM
MD
LG