Մատչելիության հղումներ

Փետրվարի 12-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում 22-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանի մահվան առնչությամբ 3 հոգի ձերբակալվել է:

«Ազատություն» ռադիոկայանին այս մասին հայտնեցին Պաշտպանության նախարարության քննչական վարչությունից: Ըստ այդմ` ենթասպա Վիլհելմ Ենգիբարյանը, կրտսեր սերժանտ Հրանտ Կարապետյանն ու շարքային Ռոբերտ Բադալյանը ձերբակալվել են Թորգոմ Սարուխանյանին «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» փաստի առիթով հարուցված քրեական գործով:

Ենթասպա Ենգիբարյանն ու կրտսեր սերժանտ Կարապետյանը կասկածվում են իշխանությունը չարաշահելու, պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու մեջ` Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Մեղադրանքը հաստատվելու դեքում առավելագույն պատիժը երկուսից հինգ տարվա ազատազրկումն է:

Շարքային Ռոբերտ Բադալյանը կասկածվում է նրանց այդ արարքներին դրդելու, ինչպես նաեւ Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ, որի համար նախատեսված առավելագույն պատժաչափը երկու տարվա ազատազրկումն է:

Թորգոմ Սարուխանյանը մահացել էր հրազենից: Բանակ էր զորակոչվել Գյումրիից, այս տարվա աշնանը պետք է ավարտեր զինծառայությունը:

Նրա հարազատները արժանահավատ չեն համարում ինքնասպանության վարկածը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG