Մատչելիության հղումներ

Բրայզան խոստանում է ամեն բան անել համանախագահներին աջակցելու համար


Մեթյու Բրայզայի ճեպազրույցը Բաքվում, 17-ը փետրվարի, 2011թ
Մեթյու Բրայզայի ճեպազրույցը Բաքվում, 17-ը փետրվարի, 2011թ
Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան հինգշաբթի օրը Բաքվում կայացած ճեպազրույցում խոստացել է ամեն բան անել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու համար:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին իր հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած ճեպազրույցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ, Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի նախկին օգնական Բրայզան խոսել է Ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին` ասելով. - «Ես ամեն կերպ նպաստելու եմ դեսպան Ռոբերտ Բրադկեին եւ Մինսկի խմբի մնացած համանախագահներին, ովքեր կողմերին օգնում են գտնել հակամարտության փոխզիջումային, արդար եւ հարատեւ կարգավորումը»։

News.Az լրատվական կայքի փոխանցմամբ, դեսպանը հատուկ ընդգծել է, որ պատերազմը ոչ մի պարագայում չի կարող դիտվել կարգավորման տարբերակ, եւ հարկ է ամեն ինչ անել այն կանխելու համար։

«Հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի Հելսինկյան համաձայնագրի երեք հիմնարար սկզբունքներին», - ասել է Բրայզան։

Դեսպանի փոխանցմամբ` կողմերը պատրաստվում են մարտի 5-ին Սոչիում կայանալիք ռուս - հայ - ադրբեջանական նախագահական եռակողմ հանդիպմանը։

«Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մեծ օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, կհզորացնի, կնպաստի դրա բարգավաճմանը եւ է'լ ավելի կարեւոր կդարձնի այս ամբողջ տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը», - ասել է Մեթյու Բրայզան։

Նա խոսել է նաեւ ադրբեջանա - ամերիկյան հարաբերությունների մասին` վկայակոչելով նախագահ Բարաք Օբամային եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ովքեր իրեն ասել են, որ մեծ կարեւորություն են տալիս Ադրբեջանի հետ համագործակցությունը։

«Կան մեր երկրների համար ընդհանուր ռազմավարական խնդիրներ, Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Ադրբեջանի ներդրումը ահաբեկչության դեմ պայքարում եւ մասնակցությունը Աֆղանստանի գործողություններին», - ասել է Բրայզան` ավելացնելով, որ ինքը դեսպանի պաշտոնում ըստ ամենայնի աջակցելու է Կասպյան էներգետիկ ծրագրերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG