Մատչելիության հղումներ

Բեկնազարյանի «Զարե»-ն որպես քրդական առաջին ֆիլմ ցուցադրվելու է Ստամբուլի կինոփառատոնում


Տեսարան Ստամբուլից
Տեսարան Ստամբուլից
Շաբաթ օրը Ստամբուլի կինոփառատոնում ցուցադրվելու է Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմը` որպես քրդական կինեմատոգրաֆի պատմության մեջ առաջին ֆիմը։

1926 թվականին նկարահանված այս համր ֆիլմը ողբերգական մի սիրո պատմություն է, որի իրադարձությունները ծավալվում են եզդիների գյուղում։ Զարեն ու Սեյդոն սիրում են միմյանց, բայց գյուղի շեյխ Թեմուրը Զարեին ցանկանում է դարձնել իր երկրորդ կինը։

Քանի որ ֆիլմը համր է, ցուցադրության ժամանակ` որպես երաժշտական ձեւավորում, տավիղ է նվագելու քուրդ երաժիշտ Թարա Ջաֆը։

Կինոփառատոնի ծրագրում Համո Բեկնազարյանի ֆիլմը ընդգրկելու մասին գրում է Hurriyet Daily News-ի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուն:

«Զարեն քրդական առաջին ֆիլմն է», - նրա հետ զրույցում ասել է երիտասարդ քուրդ ռեժիսոր Մյուդե Արսլանը` «Ճակատագրական զգեստ։ Բազմակնություն» ֆիլմի ռեժիսորը։

«Այս ֆիլմից («Զարե»-ից) հետո քրդական կինո չի եղել մինչեւ 1991 թվականը։ Թուրքական կինեմատոգրաֆում քուրդ ռեալիստ ռեժիսորների սոցիալական ֆիլմերում քրդական մասնակցություն եղել է, բայց քուրդ բառը չէր նշվում։ Այստեղ «Կինոն հասարակության հայելին է» արտահայտությունը հաստատվում է, քանի որ քուրդ ժողովուրդ ու քուրդ բառերը արգելված էին ինչպես թուրքական կինեմատոգրաֆում, այնպես էլ թուրք հասարակությունում», - ասել է քուրդ ռեժիսորը:

Համո Բեկնազարյանի ֆիլմի մասին նա ասել է. - «Զարե»-ն միակ օրինակն է։ Չնայած ֆիլմի ռեժիսորը հայ է` ֆիլմը ներկայացնում է եզդիների ու քրդերի կյանքը, ավանդույթները, սովորույթները»։

Մեկ այլ քուրդ ռեժիսոր` միջազգային մրցանակի դափնեկիր Քյազիմ Օզը նույնպես «Զարե» ֆիլմը բնութագրում է որպես «առաջին ֆիլմը քրդական կինեմատոգրաֆի պատմության մեջ»։

Նա եւս ասել է, որ դժբախտաբար «Զարե»-ից հետո մինչեւ 1990 թվականները քրդական ֆիլմեր չեն նկարահանվել, նշելով, թե դա ցույց է տալիս, որ քրդական կինոն, մշակույթը գտնվել են ճնշման տակ։

Նա ուրախություն է հայտնել, որ «Զարեն»-ն ցուցադրվելու է Ստամբուլի կինոփառատոնում, ասելով, որ այն դիտելու հնարավորություն նախկինում չի ունեցել։ «Այս ֆիլմի ցուցադրությունը շատ առանձնահատուկ կլինի ինձ համար, ինչպես եւ մյուս հանդիսատեսի համար», - նշել է Քյազիմ Օզը:

Ստամբուլի փառատոնին ներկայացված ֆիլմերը մարտի 2-6-ը ցուցադրվելու են Անկարայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG