Մատչելիության հղումներ

«Մորուքների» եւ «տապակած կարտոֆիլի» հեղափոխություն Բելգիայում


Բելգիա - Կիսամերկ երիտասարդները ակցիա են անցկացնում` բողոքելով կառավարության ձեւավորման ձգձգման դեմ, Գենտ, փետրվար, 2011թ.
Բելգիա - Կիսամերկ երիտասարդները ակցիա են անցկացնում` բողոքելով կառավարության ձեւավորման ձգձգման դեմ, Գենտ, փետրվար, 2011թ.
«Հասմիկների» եւ «լոտոսների» հեղափոխությունների արդյունքում տապալվեցին Թունիսի եւ Եգիպտոսի կառավարությունները։ Արաբական աշխարհից հազարավոր մղոններ հեռավորության վրա գտնվող բարեկեցիկ Բելգիայում նույնպես ընդվզում են, բայց պահանջը ոչ թե կառավարության հրաժարականն է, այլ` կառավարություն կազմելը։

Բելգիայում արդեն 250 օր շարունակ ընդհանրապես չկա կառավարություն, մարդիկ բողոքի անարյուն եւ զարմանալի մեթոդներ են առաջարկում։

Բելգիացիներն անցյալ տարվա հունիսից չունեն կառավարություն, քանի որ ընտրությունների արդյունքում իրարամերժ դիրքերից հանդես եկող երկու առաջատար կուսակցություններից ո'չ Ֆլամանդացիների նոր միությունը եւ ո'չ էլ Ֆրանկոֆոն սոցիալիստները առավելություն չեն ապահովել, փոխզիջման չեն գնում ու չեն կարողանում կազմել կառավարություն։ Ֆլամանդացիներն անջատողական ծրագիր ունեն, իսկ սոցիալիստները միության կողմնակից են։

Թագավոր Ալբերտ երկրորդը փորձում է կառավարության հարցում միջնորդել, սակայն` ապարդյուն։

Եվ ահա բելգիացիները որոշել են բողոքել, սակայն` խաղաղ եւ չարաճճի եղանակով։

Սեդրիկ Կոդեղյեն ստեղծել է ինտերնետային կայք` «Մորուք հանուն Բելգիայի»։ Տղամարդիկ եւ կանայք կայքի հասցեով ուղարկում են լուրջ եւ կեսկատակ լուսանկարներ, որտեղ իրենք պատկերված են մորուքներով։ Կարգախոսն է` «Չենք սափրվի, մինչեւ պետական այրերը կառավարություն չկազմեն»։

«Սա ոչ քաղաքական ուղերձ է, մենք դրանով ասում ենք, որ սպասում ենք` կառավարություն կազմվի, որ մենք ապրում ենք Բելգիայում, բելգիացի ենք եւ ուզում ենք, որ լուծում գտնվի», - ասել է նախաձեռնության հեղինակը, որի համոզմամբ` դա բողոքի հարմար ձեւ է։ «Դա հեշտ է եւ արագ, բռնություն չկա, առօրյա կյանքը չի բարդացնում», - ընդգծել է Կոդեղյեն։

Մորուք պահելուց զատ, հումորով օժտված բելգիացիները առաջարկում են բողոքի եւս մի քանի արտառոց տարբերակ։ Օրինակ, Բելգիայի սենատորներից մեկը գործընկերներին կոչ է արել դիմել այսպես ասած ինքնախարազանման մեթոդի, այն է` ոչ մի սեռական հարաբերություն, քանի դեռ չկա կառավարություն։ Գենտ քաղաքում երիտասարդ ուսանողները խոստացել են հրապարակավ մերկանալ, իսկ մայրաքաղաք Բրյուսելի մոտակայքում գտնվող Լյուվիեն ավանի բնակիչները տապակած կարտոֆիլ են անվճար բաժանում։

«Մորուք հանուն Բելգիայի» ակցիայի հեղինակ Սեդրիկ Կոդեղյեն արդեն նյարդայնանում է։ Նա «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակցին ասել է, որ մի քանի օր չի սափրվել, եւ այտերի մաշկը ալերգիկ վիճակում է հայտնվել։ Եվ հիմա Կոդեղյեն երազում է, որ 250 օր կառավարություն չունեցող Բելգիան ամենամոտ ապագայում լուծի այդ հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG