Մատչելիության հղումներ

logo-print

Ալիեւ. «Եթե հայկական կողմն ըմբռնի, որ Ղարաբաղի անկախացումն անհնարին է, մենք կկարողանանք առաջ շարժվել»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՊՀ միջպետական Мир հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե բանակցությունների ընթացքում Ադրբեջանին անընդունելի պահանջներ ներկայացվեն, ղարաբաղյան կարգավորման գործընթացում որեւէ հաջողություն չի արձանագրվի:

«Ադրբեջանի տարածքային ամոբղջականությունը, ներառյալ Lեռնային Ղարաբաղը, ճանաչվել է բոլոր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից: Մենք անդամակցեցինք ՄԱԿ-ին գոյություն ունեցող սահմաններով, իսկ Lեռնային Ղարաբաղը մեր երկրի գրեթե կենտրոնում է գտնվում: Այնպես որ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Եթե հայկական կողմից կառուցողական մոտեցում լինի, լիակատար ըմբռնում դրսեւորվի, որ Lեռնային Ղարաբաղի անկախացումն անհնարին է, մենք կկարողնանք առաջ շարժվել», - պնդել է Ալիեւը:

Ադրբեջանի ղեկավարը նաեւ հասկացրել է, որ առանձնապես գոհ չէ բանակցային գործընթացի միջնորդների` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամների գործունեությունից:

«Անհիմն կլիներ դրական գնահատել միջնորդների գործունեությունը երբ որեւէ արդյունք չկա: Մյուս կողմից ասել, թե նրանք չեն օգտագործում իրենց բոլոր հնարավորությունները եւս սխալ կլիներ: Այդ իսկ պատճառով մենք հույս ունենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող համանախագահ պետություններն ավելի լայնորեն կօգտագործեն իրենց հեղինակությունն ու քաղաքական ռեսուրսները` համոզելու համար օկուպանտ պետությանը, ազատագրել գրավյալ տարածքները», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նույն` Мир հեռուստաընկերության եթերում ավելի ուշ արձագանքել է Ադրբեջանի նախագահի հարցազրույցին` ընդգծելով, որ վերջինիս հայտարարություններն ուղղված են բանակցային գործընթացի ձախողմանն ու ղարաբաղյան խնդրի էության կեղծմանը:

«Ես ստիպված եմ հիշեցնել, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունը խաղաղ գործընթացին հավատարիմ մնալու մասին չի համապատասխանում իրականությանը: Եթե այսօրվա Ադրբեջանի ղեկավարությունն նույնքան իմաստնություն ունենար, որքան այսօրվա նախագահին իշխանությունը փոխանցած մարդը, ապա, ես կարծում եմ, որ բանակցային գործընթացն առաջ կշարժվեր: Հարկավոր է բանակցել ԼՂՀ-ի հետ, ոչ թե ձեւացնել, որ նման սուբյեկտ գոյություն չունի՝ անվերջ կրկնելով, թե ԼՂՀ-ն չի կարող Ադրբեջանի կազմից դուրս լինել», - նշել է Հայաստանի փոխարտգործնախարարը:

«ԼՂՀ-ն անկախ Ադրբեջանի հետ ոչ մի կապ չի ունեցել, չունի եւ չի ունենա: Մենք հավատարիմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, հավատարիմ են դրան նաև ԼՂՀ-ում, ինչպես դա պահանջում է Աստանայի հայտարարությունը, որի մասին ասում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Շանտաժի, ռազմատենչ հայտարարությունների ցանկացած փորձ ոչ միայն ձախողման է դատապարտված, այլ նաեւ շարունակում է մնալ կարգավորման առաջընթացի գլխավոր խոչընդոտը»,- ասել է Քոչարյանը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG