Մատչելիության հղումներ

logo-print

Չինաստանի արտգործնախարարը հեռանկարային է համարում Հայաստանի հետ համագործակցությունը


Հայաստանի եւ Չինաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Յան Ձիեչին

Հայաստանի եւ Չինաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Յան Ձիեչին

Երեւանում գտնվող Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչին հայտարարեց, որ Չինաստանը շահագրգռված է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցությամբ, որն ունի լուրջ ներուժ եւ հեռանկարներ:

«Չինաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների գոյության 19 տարիների ընթացքում մեր հարաբերությունները աչքի են ընկնում հավասարությամբ եւ փոխադարձ աջակցությամբ: Այսօր Չինաստանը եւ Հայաստանը վստահելի բարեկամներ ու գործընկերներ են», - հինգշաբթի օրը հայտարարեց Յան Ձիեչին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին կայացած ճեպազրույցում:

Սա նման բարձ մակարդակով չինացի պաշտոնյանի առաջին այցն էր Հայաստան:

Նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով` Չինաստանի արտգործնախարի այցը վկայում է երկու երկրների հարաբերությունների զարգացման մակարդակի մասին: Ըստ Նալբանդյանի` այսօր հանգամանալից քննարկվել են համագործակցության ոլորտների ընդարձակման, այդ թվում` էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի, առողջապահության եւ այլ բնագավառներում փոխգործակցության խթանման հարցերը:

Բանակցությունների ընթացքում, ըստ նախարարների, կարեւոր տեղ է հատկացվել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը: Չինաստանը, որի տնտեսությունը ներկայումս երկրորդն է աշխարհում, Հայաստանի երկրորդ խոշորագույն առեւտրական գործընկերն է Ռուսաստանից հետո:

2009-ի համեմատ` երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը անցած տարի ավելացել է գրեթե 50 տոկոսով եւ կազմել շուրջ 438 միլիոն դոլար: Հայաստանը արտահանել է 62, ներմուծել` 376 միլիոն դոլարի ապրանք:

«Երկկողմ տնտեսական կապերի զարգացման կարեւոր վկայություն է Չինաստանի Շանսի նահանգում Հայաստանի նախագահի ներկայությամբ հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործարկումը, Հայաստանում Չինաստանի կողմից իրականացվող տնտեսական ծրագրերը, ՀԷԿ-երի կառուցումը, հեռահաղորդակցության բնագավառում համագործակցությունը», - շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:

Անցած տարվա սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի Չինաստան կատարած այցից հետո կողմերը բանակցություններ են վարում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նպատակով Հայաստանին 1 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու շուրջ:

«[Վարկը] դեռ չկա, բայց նման բանակցություններ ընթանում են», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց վարչապետի եղբայրը` Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը` հավելելով, որ չի կարող ասել, թե կոնկրետ երբ կտրամադրվի վարկը:

Բանակցությունների ընթացքում երկու նախարարները անդրադարձել են նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումներին:

«Խոսեցինք Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ, եւ այս ենթատեքստում Հայաստանը հայտնեց իր շնորհակալությունը եւ գնահատականը Չինաստանի հավասարակշռված դիրքորոշմանը Հայաստանի համար կարեւորագույն հարցերում: Հայաստանն իր հերթին վերահաստատեց մեկ Չինաստանի վերաբերյալ իր ավանդականը դիրքորոշումը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն էլ ասաց, թե ինքը կրկին «վերահստատել է Չինաստանի պաշտոնական դիրքորոշումը զգայուն տարածաշրջանային հարցերի վերաբերյալ»:

«Մենք հուսով ենք, որ համապատասխան հարցերը ամեն դեպքում կարգավորվելու են շահագրգիռ կողմերի միջեւ երկխոսության եւ կոնսուլտացիաների միջոցով: Իմ հայ գործընկերոջ հետ համակարծիք ենք, որ այս նպատակին հասնելու համար համապատասխան կողմերն ունեն բավարար քաղաքական խոհեմություն եւ համբերություն: Մենք ելնում ենք նրանից, որ սա ոչ միայն բխում է հակամարտող կողմերի արմատական շահերից, այլեւ նպաստելու է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը», - ասաց Յան Ձիեչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG