Մատչելիության հղումներ

Արաբական երկրներում բողոքի ակցիաները շարունակվում են, կան զոհեր


Բահրեյն -- Տանկերը դիրքավորվում են մայրաքաղաք Մանամայի կենտրոնական հրապարակում, Մանամա, 17-ը փետրվարի, 2011թ.
Բահրեյն -- Տանկերը դիրքավորվում են մայրաքաղաք Մանամայի կենտրոնական հրապարակում, Մանամա, 17-ը փետրվարի, 2011թ.
Արաբական մի շարք երկրներում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց արդունքում կան զոհեր:

Փետրվարի 17-ին, լույսը դեռ չբացված, հարյուրավոր ոստիկաններ շրջափակել են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի կենտրոնական հրապարակը, որտեղ տեղադրված վրաններում հազարավոր ցուցարարներ էին մնացել, այդ թվում` կանայք ու երեխաներ։

Ոստիկանները գրոհել են ցուցարարների վրա` օգտագործելով արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ։

Հաղորդվում է, որ ոստիկանների հարձակման հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել, մոտ 150-ը` վիրավորվել:

Տասնյակ զրահամեքենաներ ու տանկեր են մտցվել երկրի մայրաքաղաք։ Բանակը հայտարարել է, որ հետագա հավաքներն արգելվում են` անվտանգության նկատառումներից ելնելով։

Բահրեյնում ցույցերն ու բողոքի ակցիաները մեկ շաբաթ առաջ են սկսվել: Ցուցարարները քաղաքական բարեփոխումներ են պահանջում։

Երկրի բնակչության մեծամասնությունը` մոտ 70 տոկսը շիա մահմեդական է, իսկ իշխանությունը ավանդաբար գտնվում է սունի մահմեդականների ձեռքում։ Շիաների հիմնական ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավար Աբեդ ալ-Ջալի Խալիլին «Ռոյթերզ» գործակալությանը ասել է, թե ոստիկանների բռնաճնշումը «իսկական ահաբեկչություն» էր։

«Հակամարտությունից ու զոհերից խուսափելու տարբերակներ ու ճանապարհներ կային, բայց որոշում ընդունողի նպատակը սպանելն էր», - ասել է Աբեդ ալ-Ջալի Խալիլին:

Իր հերթին Բահրեյնի Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը ասել է, թե անվտանգության ուժերը հրապարակում հավաքվածներին ցրել են, «երբ սպառվել են երկխոսության բոլոր հնարավորությունները»։

Այս շաբաթվա ընթացքում բողոքի ակցիաներ են անցկացվել Բահրեյնում, Ալժիրում, Իրանում, Հորդանանում, Լիբիայում եւ Եմենում։

Այսօր Եմենում անվտանգության ուժերն ու կառավարության աջակիցները բախվել են հակակառավարական ցուցարարների հետ, որոնք արդեն մեկ շաբաթ է, ինչ բողոքի ակցիաներ են անցկացնում` պահանջելով երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը։ Եմենում այսօր բախումների արդյունքում հինգ մարդ է վիրավորվել։

Ըստ հաղորդագրությունների` բախումներ են տեղի ունեցել երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում` նավահանգստային Ադեն քաղաքում, որտեղ չորեքշաբթի օրը գրանցվել է մահվան առաջին դեպքը, զոհվել է մեկ ցուցարար։

Արաբական երկրների շարքում ամենաերկարակյաց ղեկավարը Լիբիայի առաջնորդ գեներալ Մուամար Քադաֆին է։ Նա ավելի քան 40 տարի իշխում է Լիբիայում։ Հակակառավարական ցույցեր, բողոքներ այս երկրում հազվադեպ են եղել, բայց այժմ Թունիսի եւ Եգիպտոսի հեղափոխություններից ոգեւորված, լիբիացիները եւ հակակառավարական ակցիաներ են սկսել: Բողոքի ակցիայի կոչերը տարածվել են ինտերնետով` սոցիալական ցանցերի միջոցով։

Գիշերվա ընթացքում բախումներ են տեղի ունեցել երկրի հյուսիսարեւելյան Ալ-Բայդա քաղաքում։ Ականատեսների ու երկրից դուրս գործող ոչ կառավարական կազմակերպությունների հաղորդագրությունների համաձայն` Լիբիայում չորս մարդ է զոհվել։

Առաջին բողոքները Լիբիայում սկսվել են երեքշաբթի օրը նավահանգստային Բենգազի քաղաքում։ Այնտեղ տեղի ունեցած բախումների արդյունքում 30 մարդ, այդ թվում` ոստիկաններ, թեթեւ վնասվածքներ են ստացել։

Չորեքշաբթի երեկոյան երկրի առաջնորդ Քադաֆին ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ` հայտարարելով, թե «ԱՄՆ-ի ու սիոնիստների խամաճիկները կձախողվեն»։

Նույն օրը բանտից ազատ են արձակվել մահմեդական զինյալ խմբավորումների ավելի քան 100 անդամներ: Պարզ չէ, թե արդյո՞ք ազատված բանտարկյալները առնչություն ունեցել են տեղի ունեցած բախումների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG