Մատչելիության հղումներ

Հասարակական դիտորդները կարծում են, որ Փաշինյանի նամակագրության իրավունքը խախտվում է


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը կարծում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նամակագրության եւ նրա իրավունքների խախտման վերաբերյալ դիմում - բողոքներ հղելու իրավունքները կոպտորեն խախտվում են:

Հասարակական դիտորդների խումբը այս եզրակացությանն է եկել` ուսումնասիրելով 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորված եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող Նիկոլ Փաշինյանի նամակագրության եւ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով դիմումների ներկայացման իրավունքը:

Հասարակական դիտորդների խմբի կազմած հրատապ հաշվետվության մեջ, որը փետրվարի 14-ին ներկայացվել է նաեւ Արդարդատության նախարար Հրայր Թովմասյանին, խմբի անդամները հակադարձում են քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետի չորեքշաբթի օրը տարածած մամուլի հաղորդագրությանը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ իրականությանը չեն համապատասխանում Փաշինյանի հայտարարությունները` կապված իր նամակները քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից չընդունվելու եւ ծրարները փաստաբանին կամ հասարակական դիտորդների խմբին հանձնելու հնարավորություն չունենալու մասին:

Ըստ դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցի` Փաշինյանի նամակագրության հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու նպատակով փետրվարի 12-ին, շաբաթ օրը խմբի անդամ Էդմոն Մարուքյանի հետ այցելել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

«Այցելության ժամանակ պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանի մոտ գտնվող եւ ծրարարավորված հինգ նամակները վարչակազմը հրաժարվում է ստանալ եւ առաքել, այդ թվում` նաեւ դիտորդական խմբի ղեկավարին հասցեագրված դիմումը», - ասաց Սաքունցը:

Խմբի անդամները պահանջել են, որպեսզի գրանցամատյանի միջոցով իրականացվի նամակների եւ դիմումի ընդունում ու հանձնում, սակայն հիմնարկի ներկայացուցիչները պատճառաբանել են, որ հնարավոր չէ դա անել, քանի որ գրանցամատյանը պահվում է չհրկիզվող պահարանում:

«Մենք ասացինք` կարող ենք A4 ֆորմատի սովորական թղթի վրա արձանագրություն կազմել` դատապարտյալ Նիկոլ Փաշինյանից նամակները ընդունելու, ստանալու մասին, եւ որի տակ մենք էլ ստորագրենք: Այսինքն մենք դրանով քայլ ենք կատարում, որպեսզի անձնակազմը եւ Նիկոլ Փաշինյանը որեւիցե տարաձայնություն չունենան, որ փաստվի, որ իրապես անձնակազմը ընդունում է եւ Նիկոլ Փաշինյանը հանձնում է: Աշխատակազմի ներկայացուցիչներն ասացին, որ իրենք իրավասու չեն նման արձանագրություն կազմելու», - ասաց Սաքունցը:

Քրեակատարողական վարչության տարածած մամուլի հաղորդագրությունում նաեւ ասվում է, որ քրեակատարողական վարչությունը համոզված է, որ Փաշինյանը քաղաքականացնում է իրավական գործընթացները: Դիտորդական խմբի անդամ Էդմոն Մարուքյանը այսպես է պատասխանում այդ դիտարկմանը. - «Ըստ էության, մենք այս պատասխանը գնահատում ենք ոչ թե իրավական ոլորտում, այլ քաղաքական ոլորտում, այսինքն քաղաքական հայտարարությունների տեսքով պատասխաններ են տրվում»:

Ստեղծված իրավիճակը Արթուր Սաքունցը այսպես է գնահատում. - «Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը ակնհայտորեն զբաղված է ապատեղեկատվությամբ, իր հայտարարությամբ փորձում է ծածկել քրեակատարողական վարչության եւ հիմնարկի կողմից ապօրինությունը եւ իրավական խնդիրը դարձնում է քաղաքական: Նիկոլ Փաշինյանը ինձ անձամբ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում վերաքննիչ դատական նիստի ընդմիջման ժամանակ հայտնեց, որ մեր այցից, մեր դուրս գալուց հետո նրա խցում կատարվել է խուզարկություն», - ասաց Սաքունցը:

Նա համոզված է, որ այդ քայլով փորձ է կատարվում ստվեր գցել դիտորդական խմբի վրա: Սաքունցի կարծիքով` Արդարադատության նախարարը պետք է հատուկ քննության ենթարկի ինչպես խուզարկության փաստը, այնպես էլ քրեակատարողական վարչության տարածած մամուլի հաղորդագրությունը:

Ի պատասխան դիտորդական խմբի հրատապ հաշվետվության` Արադարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը այսօր տարածած հաղորդագրությունում ասվում է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ստացված տեղեկության համաձայն, դատապարտյալ Նիկոլ Փաշինյանն իր դիմումներն ու նամակները ոչ միշտ է հանձնում վարչակազմին, դրանք հավաքելով իր մոտ, սպասում է, որ իրեն այցելեն ներպետական կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ միայն այդ ժամանակ է հանձնում դրանք, հայտարարելով, թե իբր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը չի վերցնում իր նամակներն ու դիմումները:

«Այսպիսով, դատապարտյալը նպատակ է հետապնդում իր անձի շուրջ պատրանք ստեղծելու, թե իբր իր նկատմամբ ապօրինություններ են կատարվում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Այդ հաղորդագրության համաձայն. - «Սաքունցի այցելության օրը` փետրվարի 12-ին Փաշինյանի դիմումների եւ նամակների գրանցման կամ դրանք ընդունելու մասին արձանագրություն կազմելու վերաբերյալ որևեւ առաջարկ վերջիններիս կողմից չի եղել: Այսպիսով, Փաշինյանի` արտաքին աշխարհի հետ շփման` նամակագրության եւ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով դիմումների ներկայացման իրավունքի խախտումը չի համապատասխանում իրականությանը եւ հիմնազուրկ է: Միաժամանակ հայտնում ենք, որ Արդարադատության նախարարի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական` դիտորդական խմբի ներկայացուցիչների ներկայությամբ դատապարտյալից նամակներ չընդունելու մասին տեղեկության իսկությունը ստուգելու վերաբերյալ, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»:

Դիտորդական խմբի անդամները տեղեկացրին, որ փաստաթուղթն ուղարկել են նաեւ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակ եւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ:

please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG