Մատչելիության հղումներ

«Ա1+»-ը կեղծիքներ է հայտնաբերել հաճախությունների լիցենզավորման մրցույթին «Արմնյուզ» ՓԲԸ-ի ներկայացրած փաստաթղթերում


«Ա1+» ընկերությունը պատրաստվում է երկուշաբթի օրը դիմել վարչական դատարան:

Պահանջները երկուսն են` ճանաչել «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ընկերության խախտված իրավունքները եւ վերացնել թվային ցանցի միջոցով եթերային հեռարձակման մրցույթում «Արմնյուզ» հեռուստաընկերությանը հաղթող ճանաչելու մասին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) 2010 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը:

Հինգշաբթի օրը հրավիրված ասուլիսում տեղեկացնելով այս մասին` «Ա1+» հեռուստաընկերության փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը հայտարարեց. - «ՀՌԱՀ-ը ցուցաբերել է կողմնակալություն, եւ իր այս միջամտությամբ խախտել է «Մելտեքս»-ի իրավունքը»:

Դեկտեմբերի 16-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակեց թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի արդյունքները: Ըստ այդմ, «Ա1+»-ը պարտվեց նույն հաճախականության համար հայտ ներկայացրած «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:

ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը եւ հանձնաժողովի 6 անդամները 0 միավոր գնահատեցին «Ա1+»-ի հայտը` պատճառաբանելով, որ «Ա1+»-ը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել:

«Ա1+»-ի փաստաբանը դատարան դիմելու իրենց որոշումը հիմնավորեց ՀՌԱՀ-ից ստացված փաստաթղթերում տեղ գտած հակասություններով:

Նրա խոսքով, հանձնաժողովի որոշման մեջ «Արմնյուզ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալին վերաբերող հատվածում գրված է. «Ընկերությունը ներկայացրել է «Ամերիա» բանկի կողմից իրեն 500 միլիոն դրամ վարկ ստանալու պատրաստակամությունը հավաստող փաստաթուղթ», իսկ մրցութային փաթեթում կա տեղեկանք, ըստ որի` բանկը պատրաստ է «Արմնյուզ» ՍՊԸ-ին տրամադրել 500 միլիոն դրամի վարկ: Այլ կերպ ասած, փաստաբանի խոսքով, փաստաթղթերում նշված է երկու տարբեր կազմակերպությունների` ՍՊԸ եւ ՓԲԸ մասին: Ընդ որում` «Արմնյուզ» ՍՊԸ գոյություն չունի:

Մեկ այլ խնդիր` «Արմնյուզ» ՓԲԸ-ն մրցութային փաթեթում նշել է, որ ընկերությունը գրանցվել է 2002 թվականին, մինչդեռ ՀՌԱՀ-ին ներկայացված փաստաթղթերում նշվում է, որ ոմն Գրիգոր Խաչատրյան «Արմնյուզ» փակ բաժնետիրական ընկերությունում աշխատում է 2001 թվականից:

«Ա1+»-ի փաստաբանն այսօր հարցրեց` ինչո՞ւ ՀՌԱՀ-ը չի ստուգել «Արմնյուզ»-ի մրցութային փաթեթում առկա փաստաթղթերը: «Ա1+»-ը պնդում է, որ հանձնաժողովը կամ նկատել է եւ անտեսել այս թերությունները, կամ` չի կարդացել հաղթող ճանաչված հեռուստաընկերության մրցութային առաջարկը:

Գրիգոր Ամալյանը իր քարտուղարուհու միջոցով խոստացավ «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանումներ ներկայացնել հաջորդ շաբաթ:

Ավելի քան 8 տարի առաջ եթերազրկված «Ա1+»-ը 13-րդ անգամ էր մասնակցում հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթին:

ՀՌԱՀ-ի հայտարարած լիցենզավորման մրցույթին ներկայացված 18 հաճախություններից միայն 2-ի դեպքում էր, որ կար մրցակցություն. միեւնույն հաճախականությունների համար էին պայքարում «Ա1+»-ը եւ «Արմնյուզ»-ը, ԱԼՄ-ն եւ «Երեւան»-ը։

Նույն մրցույթում ԱԼՄ-ն նույնպես պարտություն կրեց եւ հունվարի 20-ին եթերազրկվեց: ԱԼՄ-ի ղեկավար Տիգրան Կարապետյանը եւս ՀՌԱՀ-ին մեղադրում է իր հեռուստաընկերության նկատմամբ անարդար վարվելու մեջ եւ մի շարք բողոքի հանրահավաքներ եւ ակցիաներ է անցկացրել:
XS
SM
MD
LG