Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի իրավապահները հայտնում են հայկական եւս մեկ խոշոր հանցախմբի բացահայտման մասին


ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի լոգոն
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի լոգոն

Ըստ ամերիկացի իրավապահների` հանցախմբի անվանումն է «Հայկական ուժ» (Armenian Power):

Հարյուրավոր հանցագործություններ` դրամաշորթությունից, բանկային տվյալների հափշտակումից մինչեւ առեւանգում ու թմրամիջոցների շրջանառություն, միլիոնավոր դոլարներ ու հազարավոր տուժածներ. ահա թե ինչպես են ամերիկացի իրավապահները բնորոշում երկարատեւ հետաքննությունների արդյունքում բացահայտված հայկական հանցավոր խմբավորման գործունեությունը:

«Սա մի խումբ է, որը շահույթ ստանալու համար պատրաստ էր դիմել ցանկացած քայլի եւ օգտագործել բռնության ու սպառնալիքի ցանկացած միջոց` իր նպատակին հասնելու համար», - հայտարարել է ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության քրեական բաժնի գլխավոր դատախազ Լենի Բրոյերը։

Ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոյի պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանցավոր գործունեության մեջ ներգրավված է եղել շուրջ 200 կասկածյալ, նրանցից 79-ը ձերբակալվել են չորեքշաբթի առավոտյան, երկու տասնյակը գտնվում են հետախուզման մեջ։

Ներկայացված մեղադրանքներից մեկի համաձայն, խմբավորման անդամները բանկային տվյալները կրկնօրինակող սարքավորումներ են տեղադրել Միացյալ Նահանգներում հայտնի «Ընդամենը 99 ցենտ» խանութների ցանցում, ինչը հնարավորություն է տվել ավելի քան 2 միլիոն դոլար հափշտակել սպառողների անձնական հաշիվներից։

Սա, սակայն, հանցավոր խմբի կողմից մշակված եւ հաջողությամբ իրականացված դրամաշորթության 7 մեխանիզմներից մեկն է միայն, հայտարարում են իրավապահները եւ պնդում, թե հաջողության պատճառներից մեկն այն է, որ խմբավորումը մասնագիտացած է եղել տեխնոլոգիական բարձր մակարդակով իրականացվող հանցագործություններում եւ ունեցել է երիտասարդ անդամներ, որոնք հրաշալի տիրապետել են համակարգչային տեխնոլոգիաներին։

Դրամաշորթությունից բացի` խումբը զբաղվել է նաեւ մարդկանց առեւանգմամբ, ռեկետով, թմրամիջոցների ու զենքի առեւտրով, ընդ որում` նաեւ անազատության մեջ` Միացյալ Նահանգների բանտերում։

Քննությունը, մասնավորապես, պարզել է, որ «Հայկական ուժի» անդամները սերտ կապերի մեջ են եղել մեքսիկական մաֆիայի ներկայացուցիչներ հետ, որոնք վերահսկում են թմրամիջոցների շրջանառությունը եւ «իրավիճակը» ԱՄՆ-ի ազատազրկման վայրերում։

«Մեքսիկական մաֆիայի օգնությամբ հայկական հանցավոր խմբավորման` ազատազրկման վայրերում գտնվող անդամները վերահսկել են բանտի սահմաններից դուրս իրականացվող հանցագործությունները, փոխարենը` հայերը օգնել են մեքսիկական մաֆիայի ներկայացուցիչներին հարկերի հավաքագրման մեջ` բանտերի ներսում եւ դրսում», - չորեքշաբթի օրը Լոս Անջելեսում կազմակերպված ասուլիսում հայտարարել են ամերիկացի իրավապահները։

Քրեական գործի համաձայն, մեքսիկական մաֆիայից բացի, «Հայկական ուժը» սերտ կապերի մեջ է եղել նաեւ Արեւելյան Եվրոպայի հանցավոր խմբավորումների ու «օրենքով գողերի» հետ:

«20 տարի առաջ Հոլիվուդում ներգաղթյալ հայերին աջակցելու համար ստեղծված այս խմբավորումը տասնամյակների ընթացքում վերաճել է միջազգային մասշտաբների հասնող հանցավոր խմբավորման», - հայտարարում է Հետաքննությունների դաշնային բյուրոն եւ պնդում, թե ստացված եկամուտների մի մասն ուղղվել է Հայաստան։

Միջազգային գործակալությունների հաղորդագրությունների համաձայն, խմբավորման գործունեությունը բացահայտելու համար աշխատել է 9 գործակալություն, ձերբակալություններին մասնակցել է ավելի քան հազար իրավապահ:

Եթե առաջադրված մեղադրանքներն ապացուցվեն, «Հայկական ուժի» ներկայացուցիչներին սպառնում է 10-20 տարվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG