Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Տարածաշրջանում եկել է փոփոխությունների ժամանակը»


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու
«Տարածաշրջանում եկել է փոփոխությունների ժամանակը, եւ դրանք պետք է իրականացվեն խաղաղության եւ անվտանգության պայմաններում», - արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Հաղորդակցության նորագույն այս միջոցների եւ կապերի դարաշրջանում փոփոխությունների անհրաժեշտությունը պետք է զգան եւ ընդունեն բոլորը», - ընդգծել է նա:

Եվս մեկ անգամ ողջունելով Եգիպտոսում իրականացված հեղափոխությունը` Դավութօղլուն ասել է, որ դրական զարգացումների դեպքում սա կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ եւ օրինակ ծառայել նաեւ այլ երկրների համար։

«Իսկ որտե՞ղ էր Թուրքիան մինչ այս հեղափոխական ալիքը եւ ինչո՞ւ էր լռում, երբ Հոսնի Մուբարաքը ճնշում էր իր երկրի քաղաքացիներին», - լրագրողի այս հարցին Դավութօղլուն արձագանքել է. - «Մենք երբեւէ չենք միջամտել որեւէ երկրի ներքին գործերին։ Սակայն այս դեպքում հստակ երեւում էր ժողովրդի կամքը, որն արտահայտվում էր շատ խաղաղ ճանապարհով։ Եվ մեր դիտարկմամբ` սա պատմական հնարավորություն էր, որը չպետք է բաց թողնվեր»։

Մերձավոր Արեւելքը արժանի է կայունության, անվտանգության, ժողովրդավարության եւ խաղաղության, հայտարարել է Դավութօղլուն` ընդգծելով, որ այդ նպատակներին հասնելու համար խիստ կարեւոր եւ ռազմավարական է նաեւ Իսրայելի որոշումը` ուզո՞ւմ է խաղաղություն, ուզո՞ւմ է բանակցել խաղաղության ծրագրերի շուրջ, թե՞ ոչ։

«Պաշտոնական Անկարան, ամեն դեպքում, կսատարի հակամարտության այն մասնակցին, ով կպաշտպանի խաղաղությունը, եւ ոչ թե նրան, ով կշարունակի գործել միջազգային հանրության կամքին հակառակ եւ առաջ կտանի իր զավթողական քաղաքականությունը», - ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։

«Ցավոք, վերջին 20 տարվա ընթացքում մերձավորարեւելյան հակամարտությունների կարգավորման շրջանակներում որեւէ դրական արդյունք չի արձանագրվում։ Եվ ո՞վ է մեղավոր այս հարցում` Կահիրեում կայունության, խաղաղության ու անվտանգության համար պայքարող երիտասարդությո՞ւնը, թե՞ նրանք, ովքեր Իսրայելում արգելափակում են խաղաղության հնարավորությունը», - հարցրել է Դավութօղլուն եւ առանց պատասխան ակնկալելու ընդգծել. - «Եգիպտոսի կամ որեւէ այլ երկրի ժողովուրդ չպետք է պատժվի` Իսրայելի որդեգրած սխալ քաղաքականության պատճառով»։

Հարցազրույցում Դավութօղլուն չի թաքցրել, որ երբեմնի ռազմավարական դաշնակիցների` Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, եւ պաշտոնական Անկարան դեռ ներողություն է ակնկալում Իսրայելից` անցած տարվա գարնանը «Խաղաղության նավատորմիղի» վրա կատարված հարձակման համար։

«Ինչպես կարող են մեր հարաբերությունները լավ լինել, երբ Իսրայելը սպանում է Թուրքիայի քաղաքացիներին եւ ներողություն չի խնդրում։ Եթե նրանք ուզում են հարգանքի արժանանալ, պետք է նույն կերպ վերաբերվեն նաեւ տարածաշրջանի մյուս երկրներին»», - հայտարարել է Դավութօղլուն։

«Մի շարք փորձագետներ պնդում են, թե հաջողված օրինակ ծառայելու համար Անկարան ինքը դեռ պետք է բարեփոխումներ իրագործի եւ կարգավորի սեփական խնդիրները, օրինակ` քրդական հարցն ու Հայաստանի հետ հաշտեցման գործընթացը», - լրագրողի այս դիտարկմանը Դավութօղլուն արձագանքել է. - «Թուրքան փորձում է լուծել խնդիրները Հայաստանի հետ, դա միջազգային քաղաքանությանը վերաբերող հարց է, եւ գործընթացը շարունակվում է։ Իսկ ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը` Թուրքիայի հասարակության ներսում հսկայական փոփոփություններ են կատարվել ժողովրդավարության ուղղությամբ, որոնք օրինակ կարող են ծառայել այլ երկրների համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG