Մատչելիության հղումներ

Փետրվարի 17-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «21-րդ դարում խնդիրները լուծվում են այլ «ճակատներում»` տնտեսական մրցակցության բնագավառում: Հետեւաբար Հայաստանին, որպես պետություն, սպառնում են ավելի լուրջ բաներ, քան ադրբեջանական տանկերն ու ինքնաթիռներն են: Մեր պետությունը վտանգում են մեր իսկ կառավարության հիմարությունը, անհեռատեսությունն եւ ագահությունը: Եթե հարեւան երկրում ավտոմեքենա մաքսազերծելը երկու անգամ ավելի էժան է, քան քեզ մոտ, դա նշանակում է միայն մի բան, որ այդ երկրի իշխանությունը քո երկրի իշխանությունից ուղիղ երկու անգամ ավելի խելացի է: Նա քեզ վրա տանկ չի քշում, քո կյանքին չի սպառնում, այլ վարվում է այս դարին համահունչ. այնպես է անում, որ քո քաղաքացուն ավելի ձեռնտու լինի իր մոտ փող ծախսել, քան սեփական երկրում: Հիմա մերոնք ուզում են ուժային մեթոդներով, ոստիկանության միջոցով հետապնդել վրացական համարանիշներով վարորդներին, այսինքն` ստիպել քաղաքացիներին, որ նրանք Հայաստանում նույն ծառայության համար վճարեն երկու անգամ ավելի թանկ: Նման ուժային պայքարն արդյունավետ չի լինի. տնտեսական շահն ավելի ուժեղ է, քան ոստիկանի վախը` մարդիկ «դրա խաթր» պատրաստ են նույնիսկ Վրաստանի քաղաքացի դառնալ: Լուծումը մակերեսի վրա է. հավասարեցնել մաքսազերծումը վրացականին` մեր պետությունը դրանից շահելու է նաեւ տնտեսապես: Էլ չենք խոսում ցույցերի ու սոցիալական բողոքների մասին, որոնք մեր կառավարությունը կարծես դիտմամբ է հրահրում»:

«Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում անդրադառնալով լուրերին, թե «Գրանդ Հոլդինգը» իբր իր ձեռնարկություններն ու արտադրական հզորությունները ցանկանում է հանել Հայաստանից` տեղափոխել Վրաստան, հոլդինգի սեփականատեր Հրանտ Վարդանյանը ասել է. - «Հայաստանն իմ հայրենիքն է, այլ ոչ թե ինչ-որ բիզնես-տարածք: Ես օտարերկրացի չեմ, ոչ էլ ներմուծող, որ հեշտությամբ լքեմ Հայաստանը: Իմ ունեցվածքը արտադրական գործարաններ են, հայրենական արտադրություն, այլ ոչ թե բանկում կուտակված գումարներ: Ես չեմ կարող այս ամենը հեշտությամբ, մեկ հարվածով տեղափոխել այլ երկիր: Իսկ Վրաստանում մենք ներդրումներ կատարել ենք դեռեւս 5 տարի առաջ` հիմնել ենք սիգարետի արտադրության գործարան: Այն ժամանակ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռ չէր սկսվել: Այնպես որ մեզ ոչ ոք չի կարող ստիպել հեռանալ Հայաստանից: Մեր գործարանները շարունակելու են աշխատել, հայ գյուղացին շարունակելու է ծխախոտ մշակել, եւ մենք դեռ շատ ծրագրեր ունենք հայրենիքում: Այս թեման համարենք սպառված»:

«Կապիտալ» թերթը զրուցել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ «Օմբուդսմենի մասին» օրենքի վերաբերյալ: «Oմբուդսմենի մասին օրենքում ասվում է, որ թեկնածուն պետք է լինի հասարակության կողմից ճանաչված եւ հարգանք վայելող անձ։ Սա նաեւ ենթադրում է թեկնածուների շուրջ հասարակական քննարկում։ Արդյոք այս պահին օրենքի պահանջը չի՞ ոտնահարվում», - օրաթերթի հարցին Ալավերդյանը պատասխանել է. - «Իրականում չկա օրենքի ոտնահարում, սակայն այս ամբողջ գործընթացը հակասում է ոչ թե Սահմանադրության նորմի տառին, այլ ոգուն։ Ինչո՞ւ։ Սա նշանակում է, որ հասարակությունը պետք է ընդգրկվի այդ քննարկումների մեջ` կլոր սեղանի, հարցումների անցկացման եւ դրանց հրապարակման կամ այլ տեսքով։ Հայաստանում, ինչպես տեսնում եք, այդ ամենն արվում է կիսատ-պռատ։ Շրջանառության մեջ են դրվում անուններ, որոնք հայտնի չեն լայն հասարակությանը կամ հասարակության այն խավին, որն ունի իրավունքների պաշտպանության խնդիր։ Ամեն դեպքում, այն փնտրտուքը, որը տեղի է ունենում, չի հակասում օրենքի տառին, սակայն հակասում է ոգուն, քանի որ հասարակության մեջ առաջացնում է նախօրոք ձեւավորված անվստահության մթնոլորտ, ինչի համար ես ափսոսում եմ»։ Հարցին, թե, ըստ Ալավերդյանի կարեւո՞ր է օմբուդսմենի ինստիտուտը, նա պատասխանել է. - «Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը չափազանց կարեւոր ինստիտուտ է Հայաստանի համար։ Մանավանդ` պաշտպանի մասին օրենքի վերջին փոփոխություններից եւ նոր լիազորություններով այդ ինստիտուտը օժտելուց հետո»:

Անդրադառնալով Սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանում երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարին, մշակութաբան Ռուբեն Անգալադյանը «168 ժամ»-ում գրում է. - «Ինչպե՞ս պետք է առաջադրվեն տարբեր երկրներից, աշխարհում եւ ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակի մասին տարբեր տեսակետներ ունեցող, մասնավորապես` Հայաստանի եւ տարածաշրջանի իրական խնդիրներն ու պրոբլեմները բացարձակապես չհասկացող ապագա պատգամավորները։ Ուրուգվայի, Ավստրալիայի, Սիրիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի ու Կանադայի գաղթօջախի ներկայացուցիչը ինչպե՞ս պետք է հասկանան, ըմբռնեն պետության իրական խնդիրները, եւ ի՞նչ կարող են նրանք առաջարկել: Սա լիակատար անհեթեթություն է: Քանի դեռ մենք ինքներս չենք մաքրվել, չենք ուղղվել` մեզ ոչինչ չի հաջողվի»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG