Մատչելիության հղումներ

logo-print
Իշխող կոալիցիայի մաս կազմող ուժերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ։

Չորեքշաբթի ուշ երեկոյան տեղ է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը, որը վարել է Հայաստանի նախագահ, ինչպես նաեւ ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նիստում հայտարարվել է այն մասին, որ իշխող կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերի` ՀՀԿ-ի, «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) եւ «Օրինաց երկիր» (ՕԵԿ) կուսակցությունների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել հինգշաբթի օրը կոալիցիոն նոր պայմանագիր ստորագրելու մասին։

«Հանրապետական կուսակցության խորհուրդը քննարկեց թե՛ ներքաղաքական, եւ թե՛ արտաքին քաղաքական խնդիրներ։ Միաձայն հավանություն տրվեց, որպեսզի վաղը կոալիցիոն կուսակցությունների՝ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի հետ ստորագրվի կոալիցիոն նոր հուշագիր», - մասնավորապես ասաց իշխող կուսակցության խոսնակը՝ հրաժարվելով լրացուցիչ մանրամասներ հայտնել նիստի եւ ստորագրվելիք հուշագրի բովանդակության մասին։

Այդուհանդերձ, ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի ձեռք բերած հավաստի տեղեկություններով, ստորագրվելիք հուշագրում հստակորեն նշվում է առաջիկա ընտրություններում ՀՀ գործող նախագահի թեկնածությունը միասնաբար պաշտպանելու մասին։

«Քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով` ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող 5 տարիների ընթացքում», - ասված է այսօր ՀՀԿ-ի խորհրդին ներկայացված կոալիցիոն նոր համաձայնագրի նախնական տեքստում։

Տեքստում նշվում է, որ կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռը ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին:

«Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետեւողականությունը առավել կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը` հանգեցնելով խորհրդարանակն ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին», - ասված է ստորագրվելիք հուշագրում:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` նախքան ՀՀԿ-ի խորհրդի նիստը Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել իշխող կոալիցիայի մաս կազմող ուժերի առաջնորդների հետ, որտեղ եւ համաձայնեցվել է հինգշաբթի օրը ստորագրվելիք նոր կոալիցիոն հուշագրի վերոհիշյալ տեքստը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG