Մատչելիության հղումներ

Վրաստանը ադրբեջանական ընկերությանը չի վաճառի Հայաստանը սնող գազամուղի վերահսկիչ փաթեթը


Հայաստան -- Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը (ձախից) եւ նրա վրաստանցի գործընկեր Նիկա Գիլաուրին հանդիպում են Երեւանում, 16-ը փետրվարի, 2011թ.

Հայաստան -- Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը (ձախից) եւ նրա վրաստանցի գործընկեր Նիկա Գիլաուրին հանդիպում են Երեւանում, 16-ը փետրվարի, 2011թ.

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին չորեքշաբթի օրը փորձեց փարատել Հայաստանը սնող Հյուսիս-Հարավ գազատարի վրացական հատվածն ադրբեջանական ընկերության վաճառելու հետ կապված Հայաստանի մտահոգությունները` նշելով, թե դրա կառավարումից Վրաստանը չի հրաժարվելու:

«Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում վաճառել Հյուսիս-Հարավ գազամուղի վերահսկիչ փաթեթը։ Կան ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնց կառավարումը ապագայում եւս իրականացնելու է Վրաստանի կառավարությունը», - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Երեւանում կայացած համատեղ ասուլիսում հայտարարեց Նիկա Գիլաուրին։

Անցյալ տարի վրացական խորհրդարանը Հյուսիս-Հարավ գազատարը հանեց ստրատեգիական օբյեկտների ցանկից՝ կառավարությանը հնարավորություն ընձեռելով միջազգային բորսայում տեղաբաշխել Մոզդոկ-Թբիլիսի-Հայաստան գազատարի բաժնետոմսերի մինչեւ 25 տոկոսը։ Դրանից անմիջապես հետո տեղեկություններ հայտնվեցին, որ գործարքով հետաքրքրված է Ադրբեջանի SOCAR նավթային ընկերությունը:

Նախօրեին Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նույնպես հայտարարել էր, թե «Հայաստանը անհանգստանալու հիմքեր չունի»։

Ընդհանուր սահման՝ ընդհանուր խնդիրներ


Հաջորդ հարցը, որ այսօր քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները` միջպետական սահմանը հատելիս առկա խնդիրներն են։

Մասնավորապես, հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է ավտոմեքենայի օգտագործման պատասխանատվությունից բխող պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) ինստիտուտը, ինչը ենթադրում է, որ Հայաստանի տարածք մուտք գործող վրացական ավտոմեքենաները նույնպես պարտավոր են ապահովագրական պոլիսներ ձեռք բերել։ Իսկ Վրաստանում տարեսկզբից գործում է ավտոճանապարհների պահպանության նպատակով ընդունված օրենքը, որ հատուկ տուրք է ենթադրում բարձված բեռնատարների համար:

Ըստ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի` այդ ուղղությամբ քաղաքական որոշումն արդեն կայացվել է. - «Պայմանավորվել ենք, որ այս գործառույթները այնպես պետք է կազմակերպենք, որպեսզի մեր տնտեսվարողների եւ քաղաքացիների անհարմարությունները հասցնենք մինիմումի։ Դրա համար հանձնարարականներ ենք տվել մեր համապատասխան նախարարներին, որ ներկայացնեն համապատասխան առաջարկություն»։

Վրաստանում այժմ տուգանվում են այն ավտոմեքենաները, որոնց դիմապակուն փակցված է ապահովագրական կտրոնը: Ընդ որում, տուգանվում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական պետհամարանիշով ավտոմեքենաների վարորդները:
Այս խնդրի շուրջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում որոշակի պարզաբանումներ տվեց Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլեիշվիլին, ով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետի ղեկավարած պատվիրակության կազմում։

«Ես տեղեկացել եմ ձեր վարչապետից, որ կտրոնների հետ կապված խնդիրը լուծված է: Հայաստանը այժմ տեխնիկական նորամուծություններ է պատրաստվում կիրառել, որոնց պարագայում դիմապակու վրա ապահովագրական կտրոնը փակցնելու կարիք չի լինի` Հայաստանի ճանապարհային ոստիականությունը առանց դրա ստուգել կտրոնի առկայությունը: Այնպես որ, դա այլեւս խնդիր չէ», - նշեց Ռամազ Նիկոլեիշվիլին:

Ասուլիսում Վրաստանի վարչապետը տեղեկացրեց նաեւ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գոյություն ունեցող մաքսային կետերի համատեղ օգտագործման շուրջ բանակցությունները։

«Մեր աշխատանքային խմբերը ձեռնամուխ են եղել փաստաթղթերի նախախատրաստմանը: Հույս ունեմ, որ արդյունքում կսորագրվի համաձայնագիր Հայաստանի հետ, նման նրան, որ մենք անցած տարի ստորագրեցինք Թուրքիայի հետ», - նշեց Նիկա Գիլաուրին։

Տիգրան Սարգսյանը եւ Նիկա Գիլաուրին քննարկել են նաեւ երկու երկներում նկատվող գնաճային ճնշումների դեմ պայքարի միջոցները:

Տիգրան Սարգսյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը կիրառում է ե՛ւ հայտնի, ավանդական գործիքները, ե՛ւ սոցիական փաթեթները, ինչպես անցած տարի` գազի թանկացումը մեղմելու նպատակով: Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա, ըստ Հայաստանի վարչապետի, կառավարությունը նախատեսում է աջակցություն ցուցաբերել առավել ծանր վիճակում հայտնված գյուղացիությանը։

«Կիրառելու ենք սոցիալական սուբսիդիա գյուղացիական տնտեսությունների համար՝ նպատակ ունենալով օգնել գյուղացիների անապահով խավերին եւ այն համայնքներին, որոնք ունեն սոցիալական խնդիրներ», - հայտարարեց վարչապետ Սարգսյանը՝ չմասնավորեցնելով, թե երբ եւ ինչ ծավալի սուբսիդիաներ կստանան գյուղացիական տնտեսությունները։
XS
SM
MD
LG