Մատչելիության հղումներ

logo-print
«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանի կարծիքով` Հայաստանում վարորդներն ավելի օրինապահ են, քան թվում է: Չորեքշաբթի կայացած մամլո ասուլիսում նա հայտարարեց, որ այս պահի դրությամբ ընկերությունը կնքել է 120 հազար պարտադիր ավտոապահովագրության պայմանագիր, որը կազմում է տեղական շուկայի ավելի քան 36 տոկոսը:

«Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ տարեսկզբից մինչ օրս ընկերությունը Հայաստանում փոխհատուցում է տրամադրել 350 ավտոպատահարի դեպքով, ավելի քան 1000 դիմում էլ ընթացքի մեջ է: Փաստացի փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 55 միլիոն դրամ: Վնասի ծավալների նմանօրինակ վիճակագրությունը անհանգստացնում է ընկերությանը: «Ռոսգոսստրախ»-ի ղեկավարները գտնում են, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» (ԱՊՊԱ) օրենքը շատ ավելի հստակ է մշակված ու շատ ավելի արդյունավետ է, քան այդ նույն օրենքը, որն ընդունվել է Ռուսաստանում 2002 թվականին:

Գրիգորյանն ասաց, որ իրենք արձանագրել են նաեւ մեքենայություններ:

«Մեքենայությունների տեսակներից մեկը, որը ծաղկում է ապրում, այն է, երբ ավտոպատահարի երկու կողմերը համաձայնության են գալիս միմյանց հետ, որի արդյունքում պատահարից ավելի քիչ տուժած վարորդն իր վրա է վերցնում մեղավորությունը: Ես ուզում եմ նախապես զգուշացնել այդ վարորդներին, որ դա ընդամենը «արջի ծառայություն» է, եւ թող նրանք չզարմանան, երբ 2013 թվականին նրանց անունները հայտնվեն համապատասխան ցուցակում եւ շեշտակիորեն բարձրանա նրանց ապահովագրավճարները», - զգուշացրեց Գրիգորյանը:

Պարտադիր ավտոապահովագրությունը 2013 թվականից նախատեսում է նաեւ բոնուս-մալուսային համակարգի ներդրում, որը կիրառվելու է 2013 թվականի հունվարի 1-ից հետո կնքված կամ երկարաձգված ԱՊՊԱ պայմանագրերի նկատմամբ: Այլ կերպ ասած, համակարգըը թույլ է տալու ստեղծել այնպիսի պայմաններ, երբ կարգապահ վարորդը վճարում է ավելի քիչ ապահովագրավճար, իսկ ռիսկային վարորդները` ավելի շատ:

«Ռոսգոսստրախ»-ը ողջունում է նոր, պրոֆեսիոնալ խաղացողների մուտքը շուկա, թեեւ Ռաֆայել Մինասբեկյանը կարծում է, որ Հայաստանյան շուկայի համար օպտիմալ է ոչ ավելի, քան 15 ընկերությունը:

Ներկայումս պարտադիր ավտոապահովագրությամբ զբաղվող ընկերությունները 8-ն են: Ի դեպ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը այդ ընկերություններից մեկի` «Նաիրի ինշուրանս»-ի հիմնական բաժնետերն է եւ այդ ընկերության խորհրդի անդամը: Այս մասին տեղեկություն կա «Նաիրի ինշուրանս»-ի կայքէջում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, այս պահի դրությամբ Հայաստանում ապահովագրվել են 341 հազար տրանսպորտային միջոց, ինչը կազմում է հաշվառված տրանսպորտային միջոցների 80 տոկոսը, իսկ 13 200 տրանսպորտային միջոցի սեփականատեր ժամանակավոր հաշվառումից հանել է ավտոմեքենան: Ըստ նրա, այժմ Հայաստանում մոտ 70 հազար հաշվառված տրանսպորտային միջոց դեռ չունի ԱՊՊԱ պայմանագիր:

Ավետիսյանի խոսքով` փոխհատուցում ստանալու նպատակով ապահովագրական ընկերություններին է դիմել ընդհանուր առմամբ 1700 տուժող:

«Արդեն կատարվել են մոտավորապես 170 միլոնի դրամի ապահովագրական հատուցումներ եւ կա շուրջ 500 միլիոնի չկարգավորված պարտավորություններ», - ասաց Ավետիսյանը:

Բյուրոյի ղեկավարը վաղ է համարում խոսել ԱՊՊԱ պայմանագրերի սակագների փոփոխման մասին: Նրան մտահոգում է, որ ավտոպատահարներից տուժած քաղաքացիները շատ դեպքերում չեն օգտվում իրենց իրավունքներից եւ չեն դիմում բյուրոյին:

«Հատկապես մարմնական վնասվածքների դեպքում իրենք ինքնուրույնաբար սկսում են լուծել հիվանդանոցների հետ իրենց վճարումների փոխհարաբերությունները եւ արդյունքում չեն փաստաթղթավորում այնպես, որ ապահովագրական ընկերությունը կամ բյուրոն կարողա վճարումներ իրականացնել», - ասաց Ավետիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG