Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկ. Պարենի գների աճը կարող է սրել իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում


Պարենի գները ողջ աշխարհում շարունակում են աճել, ավելացնելով աղքատների թիվը` հատկապես զարգացող երկրներում, փաստում է Համաշխարհային բանկի վերջին զեկույցը:

Փորձագետների հաշվարկներով, 3 ամսվա ընթացքում ՝ 2010 թվականի հոկտեմբերից մինչեւ 2011 թվականի հունվարը, համաշխարհային շուկայում պարենի գներն ավելացել են շուրջ 15 տոկոսով, իսկ մեկ տարվա կտրվածքով՝ նույն ապրանքները թանկացել են շուրջ 30 տոկոսով։ Կտրուկ աճել են հատկապես ցորենի, եգիպտացորենի, շաքարավազի ու բնական յուղի գները։

«Սննդամթերքի այս թանկացումները խոցելի են դարձնում տնտեսությունը հատկապես այն երկրներում, որտեղ մեծ է պարենի ներմուծման տեսակարար կշիռը: Դրամավարկային քաղաքականության հնարավորությունները փոքր են, աղքատությունը՝ աճող», - փաստում է զեկույցը եւ ընդգծում. - «Մոտավոր հաշվարկների համաձայն, կես տարի առաջ սկսված այս թանկացումների արդյունքում ծայրահեղ աղքատների թիվը մոտ 44 միլիոնով ավելացել է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում»։

«Պարենի գները հասել են վտագավոր աստիճանի», - մեկնաբանելով ստացված արդյունքները` հայտարարում է Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիքը` նախազգուշացնելով, որ թանկացումների ազդեցությունը կարող է է՛լ ավելի սրել առանց այդ էլ փխրուն իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում, ընդդիմադիր տրամադրությունները կաճեն, ինչը կարող է տնտեսական ու քաղաքական հետեւանքներ ունենալ:

«Կարեւոր է անհապաղ կանխարգելել աղքատության հետագա աճը», - հորդորում է Համաշխարհային բանկը՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել շուկայի վայրիվերումները մեղմելու եւ աղքատներին օգնություն տրամադրելու ուղղությամբ։

Համաշխարհային բանկի փորձագետների գնահատմամբ, ստեղծված իրավիճակը կարող է առավել վտանգավոր լինել Եգիտոսում, Թունիսում ու արաբական մյուս երկրներում, որտեղ իշխանություններն այժմ զբաղված են հեղափոխական ալիքը մեղմելով:

«Այսօր պարենի անվտանգությունը համաշխարհային անվտանգության խնդիր է դարձել», – հայտարարել է Համաշխարհային բանկի ղեկավարը՝ ընդգծելով. - «Անշուշտ, սննդամթերքի գների շարունակական աճը եւ շուկայում արձանագրվող վայրիվերումները բավական բարդ իրավիճակ են ստեղծում, որի հաթահարման ուղղությմամբ միանշանակ եւ կախարդական լուծումներ չկան։ Այդուամենայնիվ, միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի հնարավոր վտանգներից եւ չպետք է էլ ավելի խորացնի խնդիրները այնպիսի որոշումներով, ինչպիսիք են, օրինակ, հացահատիկի արտահանման սահմանափակումն ու գների արհեստական կարգավորումը, որոնք կարող են ավելացնել պարենի՝ առանց այդ էլ բարձր գները»։

«Սա աշխարհին նետված մարտահրավեր է», - ասում է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Նգոզի Օկոնյո Իվելան, - «ողջ աշխարհում մոտ մեկ միլիարդ մարդ սովի շեմին է, եւ մենք հավաքական գործողություններ պետք է ձեռնարկենք՝ գյուղատնտեսական արդյունաբերությունը խթանելու, բերքը տեղաբաշխելու եւ կարիքավորների պարենային անվտանգությունը ապահովելու ուղղությամբ»։

Հեղինակավոր այս կառույցի զեկույցն ու նախազգուշական հայտարարությունները հրապարակվում են Ֆրանսիայում «Մեծ քսանյակի» երկրների հանդիպումից օրեր առաջ: Ակնկալվում է, որ այդ հանդիպման օրակարգի հիմնական հարցերը լինելու են հենց պարենի թանկացումները, դրա պատճառներն ու հնարավոր հետեւանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG