Մատչելիության հղումներ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) ուսումնասիրում է «Հետք» էլեկտրոնային պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի եւ լրագրող Գրիշա Բալասանյանի հաղորդումը ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի:

Փետրվարի 3-ին Գլխավոր դատախազին ուղարկված այս հաղորդմամբ «Հետք» պարբերականը խնդրել էր միջոցներ ձեռնարկել ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար` հիմնավորելով, որ պատգամավորը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական գործունեությունը: «Հետք»-ը հաղորդմանը կցել է նաեւ հեռախոսով լրագրողի հարցին ի պատասխան` Ռուբեն Հայրապետյանի հնչեցրած հայհոյանքների ձայնագրությունը:

Քանի որ բողոքը պատգամավորի է վերաբերում` դատախազությունը հաղորդումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

«Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանը, թե ի՞նչ ընթացք է տրված այս հաղորդմանը, Հատուկ քննչական ծառայությունից պատասխանեցին, որ նյութեր են նախապատրաստվում:

«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քննչական մարմինների ուշադրությունը հրավիրեց նաեւ դեպքի հաջորդ օրը լրատվամիջոցներին Հայրապետյանի տված այն պարզաբանմանը, թե լրագրողն «անհարմար պահի» է զանգահարել. ինքը գտնվել է բժշկի մոտ:

«Հետեւաբար նա այդ հայհոյանքները հասարակական վայրից է տվել, այսինքն` ուրիշ հոդվածով հնարավոր է քրեական գործ հարուցել», - ասաց Բաղդասարյանը:

Դեպքի առնչությամբ «Հետք»-ը նաեւ նամակ էր ուղարկել Հայաստանի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի վարքագիծը քննարկման առարկա դարձնել կուսակցության խորհրդում եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրեն անպատիժ չզգա:

Հանրապետական կուսակցությունից «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ նման հարց կուսակցությունում չի քննարկվել: - «Գոյություն ունի անմեղության կանխավարկած. Թող նախ դատախազությունը պարզի կատարվածի հանգամանքները», - փոխանցեցին ՀՀԿ-ին անդամակցող մեր զրուցակիցները:

«Պարզվում է, որ դա ընդունված ձեւ է: Բոլորը գիտեն, որ Հայրապետյանի հետ դժվար է խոսել: Նույնիսկ պաշտոնյաները ասում են` դե, չգիտեի՞ք, ինչո՞ւ եք զանգել նրան: Ի՞նչ պիտի իմանայինք: Դժբախտաբար խորհրդարանում հայտնվել են մարդիկ, որոնք այդպես են, նրանցից որեւէ ավելի բան չես կարող պահանջել: Սա մեր դժբախտությունն է», - ասում է Էդիկ Բաղդասարյանը:

Վերջերս Ռուբեն Հայրապետյանն ու Ազգային ժողովի եւս երկու պատգամավորներ «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ դատական հայց էին ներկայացրել իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով եւ դատարանը բավարարեց հայցը:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստում է. - «Այսինքն, ինքը կարող է վիրավորվել մի սոլիդ հրապարակումից, բայց իրեն թույլատրված է լրագրողին վիրավորել եւ նույնիսկ այդպիսի հայհոյանքներ տալ: Ուղղակի հիմա ստեղծվել է Հայաստանում այնպիսի վիճակ, որ լրագրողին նեղելը դարձել է շատ նորմալ երեւույթ: Ստացվում է, որ լրատվամիջոցներն աշխատում են էքստրեմալ վիճակում, պատերազմական իրավիճակում»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ անպատժելիության մթնոլորտը երկրում ավելի է խորանում:

«Հայաստանում կա անպատժելիների խմբավորում, ու որ հիմա իրենք ակտիվացել են լրագրողների դեմ, զուտ նրանից է, որ լրագրողների մեջ թշնամի են տեսնում: Այն, ինչ նրանք անում են, բեսպրեդել է», - ասում է Հայկ Գեւորգյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG