Մատչելիության հղումներ

Կարասինը հանդիպել է Հայաստանի խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ


Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին
Նախորդ երկու օրերին Երեւանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԺ-ի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) եւ Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցությունների ներկայացուցիչները դժվարացան մտաբերել նման նախադեպ, երբ Ռուսաստանի փոխարտգործնախարարը հանդիպումներ ունենար Հայաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ԱԺ-ի պատգամավորները նշեցին, թե մինչեւ կես ժամ տեւած քննարկումների ընթացքում Կարասինին հիմնականում հետաքրքրել են հայ - ռուսական հարաբերությունների, Ղարաբաղյան հիմնախնդրի եւ Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ հայ խորհրդարանականների տեսակետները:

ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը փոխանցեց, թե իրենց հանդիպմանը հայկական կողմից ներկա են եղել ինքը եւ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը:

«Հիմնականում քննարկվել են Հայաստան - Ռուսաստան ռազմավարական գործընկերության հարցերը: Բնականաբար, խորհրդարանական դիվանագիտությանն ենք անդրադարձել, մեր ֆրակցիայի ներկայացուցիչների գործունեությանը տարբեր պառլամենտական վեհաժողովներում, մասնավորապես ԱՊՀ պառլամենտական վեհաժողովում, ինչպես նաեւ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, եւս մեկ անգամ վերահաստատել ենք ՀՀԿ-ի դիրքորոշումը, ինչպես նաեւ խոսել ենք հայ - թուրքական հարաբերություններից եւ քաղաքական զարգացումներից», - ասաց Շարմազանովը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտեց, թե Կարասինի հետ հանդիպմանը խմբակցությունը գլխավորում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ - ռուսական համագործակցության հարցերը, մասնավորապես, պարոն Կարասինին հետաքրքրում էր մեր տեսակետը խորհրդարանական կապերի զարգացման հարցում: Խոսք է գնացել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, նրա խնդրանքով ընդհանուր գնահատականներ են տրվել մեր կոալիցիոն համագործակցությանը եւ պատմվել է ԲՀԿ 5-րդ համագումարի ընթացքի եւ արդյունքների մասին», - ասաց Արամ Սաֆարյանը:

ՀՅԴ եւ «Ժառանգութուն» խմբակցությունների քարտուղարներ Արտյուշ Շահբազյանը եւ Լարիսա Ալավերդյանը եւս տեղեկացրին, որ քննարկել են նույն հարցերը` հայ-ռուսական հարաբերություններ, Ղարաբաղյան հիմնահարց եւ Հայաստանի ներքին կյանք: Նշենք, որ Կարասինը Կարասինը հանդիպում չի ունեցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ:

Թե ինչո՞ւ է նման բարձր կարգի ռուս դիվանագետը ցանկացել հանդիպումներ ունենալ Հայաստանի խորհրդարանում, չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Երեւանում Ռուսաստանի դեսպանատնից: Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, Կարասինը ժամանել էր Երեւան` մասնակցելու միջգերատեսչական խորհրդատվություններին:

Արտյուշ Շահբազյանը չբացառեց, որ Կարասինի այցի հիմնական նպատակը կարող էր լինել Ղարաբաղյան հարցը: Կարասինը Ռուսաստանի արտգործնախարարությունում համակարգում է հենց հարավկովկասյան ուղղությունը` այդ թվում Ղարաբաղյան հարցին առնչվող զարգացումները:

«Ռուսական կողմին, ինչպես եւ որեւէ այլ կողմի, որը ուղղակի շահագրգիռ է, չեմ բացառում, որ կարող է հետաքրքրել, թե խորհդարանական ուժերը ի՞նչ պատկերացումներ ունեն Ղարաբաղի հարցի լուծումների վերաբերյալ», - կարծիք հայտնեց Շահբազյանը:

Սակայն, ըստ Լարիսա Ալավերդյանի, Կարասինի նման աննախադեպ հանդիպումները Երեւանում ի ցույց են դնում Թունիսում ու Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մոսկվայում առկա մտահոգությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

«Քանի որ այս Արեւելք կոչվածի մեջ եւ մեր հարեւան երկրներում կան ոչ ստաբիլ վիճակներ, ես նորմալ եմ համարում` եթե մեր ռազմավարական գործընկերը ուզում է տարբեր աղբյուրներից տեղեկություններ ստանալ այստեղի կայունության վերաբերյալ», - ասաց Ալավերդյանը:

ԲՀԿ-ից Արամ Սաֆարյանը եւս նորմալ համարեց, որ հայաստանյան ընտրություններին ընդառաջ դաշնակից կամ գործընկեր պետություններում կարող են հետաքրքրվել Հայաստանի ներքաղաքական զարգացումներով:

Հիշեցնենք, որ 2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններին հետեւած հայտնի իրադարաձությունների ժամանակ հենց Գրիգորի Կարսինն էր, որ 2008 թվականի մարտի 20-ին Երեւանում հայտարարեց. - «Հայաստանի պետական ղեկավարության հետ իմ հանդիպումների ժամանակ առանձին քննարկման առարկա դարձան Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները: Ռուսաստանը ամենեւին էլ անտարբեր չէ մեր բարեկամ Հայաստանում ներքաղաքական զարգացումների նկատմամբ»:

Սակայն Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն այնպիսին չէ, որ «որեւէ մեկը անհանգստանա, այդ թվում եւ Հայաստանի ռազմավարական գործընկերը»:

«Բացի այդ, մինչեւ նախընտրական շրջանը մենք գրեթե մեկ տարի ունենք, եւ դա ավելի շատ արհեստական կրքերի բորբոքում է», - ասաց Շարմազանովը:


please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG