Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանատունը զգուշացնում է «գրին քարտի» վիճակախաղի հետ կապված խաբեությունների մասին


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժինը այսօր հաղորդագրություն է տարածել` զգուշացնելով «գրին քարտի» վիճակախաղի հետ կապված խաբեությունների մասին:

«Վերջերս ստացվել են մի շարք հարցումներ` կապված էլեկտրոնային փոստով իբր ԱՄՆ-ի պետական կառույցներից պաշտոնապես ուղարկված հաղորդագրությունների հետ: Այս կեղծ հաղորդագրություններում հիմնականում ստացողին հայտնում են, որ վերջինս շահել է «գրին քարտ» կամ ԱՄՆ մշտական բնակության իրավունք, եւ պահանջում են դիմելու գործընթացն ավարտին հասցնելու եւ «գրին քարտը» ստանալու համար գումար ուղարկել», - նշում է դեսպանատունը` հավելելով. - «Հարկ ենք համարում ձեր ուշադրությանը հրավիրել այն փաստին, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ԱՄՆ-ի ներգաղթի բազմազանության արտոնագրերի (DV) կամ «գրին քարտի» վիճակախաղի շահող մասնակիցներին էլեկտրոնային փոստով ծանուցում չի ուղարկում: Քենտուքիի հյուպատոսական կենտրոնը DV-2012 ծրագրի մասնակիցներին փոստով գրավոր ծանուցում չի ուղարկելու, եւ ամեն մի մասնակից ինքնուրույն պետք է ստուգի իր դիմումի կարգավիճակը` այցելելով բազմազանության վիճակախաղի (DV) http://www.dvlottery.state.gov կայքը 2011 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2012 թվականի հունիսի 30-ը»:

Դեսպանատունը ընդգծում է, որ DV-2012 ծրագրում շահելու մասին տեղեկանալու միակ եղանակը դիմումի կարգավիճակի առցանց ստուգումն է, ինչը անելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման համարը, որ տրամադրվել է վիճակախաղին մասնակցելու առցանց դիմումը ներկայացնելու ժամանակ: Շահելու մասին տեղեկացնելուց բացի, կարգավիճակի ստուգման միջոցով կտրվեն նաեւ հրահանգներ հետագա քայլերի եւ ներգաղթային արտոնագրի հարցազրույցի ժամկետի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG