Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը առաջարկում է Մաքսային օրենսգրքից հանել վիճահարույց դրույթը


Այսօր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելով Մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

«Ժառանգություն»-ից ստացված հաղորդագրության համաձայն, օրինագծով նախատեսվում է Մաքսային օրենսգրքից հանել անցած տարվա դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովի ընդունած դրույթը, ըստ որի` «Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաեւ` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով»:

Հիշյալ դրույթի` փետրվարի 5-ին ուժի մեջ մտնելուց հետո Շիրակի եւ Լոռու մարզերում արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերը շարունակաբար բողոքի ակցիաներ են անցկացնում:

«Ժառանգություն»-ը իր հաղորդագրությունում վստահություն է արտահայտում, որ իր նախաձեռնած փոփոխությունը «հաշվի է առնում տասնյակ հազարավոր հայաստանյան ընտանիքների շահերը, այդ թվում սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական հետեւանքները, մինչդեռ գործող օրենքը միտված է բացառապես ի հաշիվ աղքատության ավելացման պետական բյուջեի եկամուտների ավելացման գերակայության ապահովմանը, ինչպես նաեւ սահմանափակում է Հայաստանի Հանրապետության տարածքում ջավախահայերի ազատ տեղաշարժի հնարավորությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG