Մատչելիության հղումներ

Կառավարությունը իր գործողություններով ոչ միայն չի հաղթահարում գնաճը, այլեւ սխալ քայլեր կատարելով նաեւ խրախուսում է գների բարձրացումը եւ ոչինչ չի անում այս իրավիճակը շտկելու համար: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանը:

«Կառավարությունը իր իսկ Ազգային ժողով բերվող օրինագծերով փաստացի այնպիսի պայմաններ է ձեւավորում, որոնք հանգեցնում են տարբեր ապրանքատեսակների մասով գնաճին», - նշեց պատգամավորը` հիշեցնելով, մասնավորապես, փոքր եւ միջին բիզնեսի վրա կատարվող ճնշումները, վերջին ճնշումները փոքր ծավալներով ներկրողների նկատմամբ:

«Փաստորեն, կառավարությունը իր քայլերով ավելի եւ ավելի է խստացնում եւ ծանրացնում սոցիալական վիճակը: Միանշանակ է, որ կառավարության եւ Կենտրոնական բանկի կողմից կիրառվող գործիքակազմը իր արդյունքները չի տալիս», - հայտարարեց Նռանյանը եւ շարունակեց. - «Այն մարտահրավերները, որոնք կանգնած են երկրի առջեւ եւ պահանջում են համպատասխան քայլեր, չեն համապատասխանում տնտեսական քաղաքականության այն պատկերացումներին, ինչպես նաեւ այն գաղափարախոսությանը, որի կրողն է այսօրվա տնտեսական ղեկավարը, տնտեսական թիմը»:

Անդրադառնալով սոցիալական լարվածության աճի թեմային` դաշնակցական պատգամավորը ընդգծեց. - «Կառավարությունը կատարում է տարբեր ոչ պոպուլյար քայլեր եւ բավական վիճահարույց քայլեր եւ միաժամանակ հաջողացնում է ոտքի հանել ժողովրդի բոլորովին տարբեր խավերի` սկսած վարորդներից մինչեւ գյուղացին կամ փողոցային առեւտուր իրականացնողները: Եվ դրան եթե գումարենք աշխատատեղերի պակասի խնդիրը եւ մոլեգնող գնաճը` ցածր եկամուտների պայմաններում, ես կարծում եմ, որ այսպես շարունակվելու դեպքում առաջիկա ընտրությունների ժամանակ իշխող վերնախավը բավական լուրջ պրոբլեմներ կունենա, իսկ եթե հասարակությունը վերջապես հավատա, որ ինքը ի վիճակի է կատարել փոփոխություններ, մենք 2012 թվականին կարող ենք ունենալ բոլորովին այլ խորհրդարան եւ բոլորովին այլ երկիր»:

Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսման` այս տարվա առաջին վեց ամիսներին թանկացումների բարձր տեմպը շարունակվելու է: Կենտրոնական բանկի դրամավարկայյին քաղաքականության ծրագրի համաձայն` գնաճի միջին ցուցանիշը 2011 թվականի առաջին երեք ամիսների համար կանխատեսվում է գրեթե 10 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում` 9.5 տոկոս:

Այդուհանդերձ, Արա Նռանյանի խոսքերով, «որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հրապարակված թվերը չեն արտահայտում իրական պատկերը, եւ դրա համար կան մի քանի պատճառներ»:

«Նախ եւ առաջ, եկեք հաշվի առնենք, որ մեր քաղաքացիների համար իրենց զամբյուղի մեջ պարենային մթերքները կազմում են բավական մեծ արժեք` 80 տոկոս եւ ավելի մեր քաղաքացիները ծախսում են սննդամթերքի վրա, իսկ սննդամթերքի մասով մենք ունենք բավական մեծ գնաճ: Ավելին` հասել ենք այն աբսուրդային իրավիճակին, երբ Հայաստանի Հանրապետությունում աճեցվող սննդամթերքը մի քանի անգամ ավելի թանկ է, քան ներկրվող ապրանքներինը», - շեշտեց դաշնակցական պատգամավորը` հավելելով. - «Սա պրոբլեմ է, եւ այս պրոբլեմի մասին զարմանալիորեն ոչ ոք չի խոսում` ոչ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները, ոչ էլ կառավարության»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG