Մատչելիության հղումներ

logo-print

Փետրվարի 16-ի մամուլ


«Ժամանակ» օրաթերթը մեկնաբանում է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման սահմանադրականության մասին Սահմանադրական դատարանի նախօրեին կայացրած որոշումը. - «Պայմանագիրն արդեն ստացել է Սահմանադրական դատարանի հավանությունը, սակայն դրա վերաբերյալ հարցերը դեռ չեն ստացել իրենց պատասխանները: Մասնավորապես, մինչեւ այժմ Հայաստանի իշխանությունը որեւէ հիմնավոր եւ տրամաբանական բացատրություն չի տվել, թե ինչու էր հենց այժմ պետք է այդպիսի պայմանագիր, թե ինչու էր պետք երկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը, եթե նախորդ ժամկետի լրանալուն կար դեռեւս մոտ տասը տարի: Հստակ չէ նաեւ, թե ռուսներն ինչպե՞ս են մասնակցելու Հայաստանի անվտանգության ապահովմանը, ի՞նչ մասնակցություն են ունենալու այդ գործում անհրաժեշտ որոշումների կայացմանը: Հստակ չէ, թե արդյոք ռուսները այդ պայմանագրով ի՞նչ դիրքորոշում են որդեգրելու Ղարաբաղի հարցում հնարավոր ցնցումների պարագայում: Պարզ չէ նաեւ, թե ինչո՞ւ էր պետք պայմանագրով ստանձնել Հայաստանի անվտանգության աջակցության գործառույթ, եթե Հայաստանն ու Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ են եւ անվտանգության սպառնալիքի դեպքում պետք է փոխօգնության շտապեն միմյանց: Այլ կերպ ասած` հայ - ռուսական այդ պայմանագիրը ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել»:

«Հայոց աշխարհ»-ը ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ, Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանին հարցնում է. - «Առաջիկայում Թուրքիան ակնկալում է ունենալ ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղար: Մտահոգիչ չէ՞ թուրքական լոբբիի ակտիվացումը, եվրոպական միջազգային կառույցների ղեկավար պաշտոնները հերթով գրավելու ակնհայտ միտումը»: Հրայր Կարապետյանը պատասխանում է. - «Թուրքիան հիմա բազմաթիվ արտաքին ու ներքին մարտահրավերների առջեւ է կանգնած, հետեւաբար նաեւ պարտադրված է ակտիվացնում իր դիվանագիտական ջանքերը բոլոր ուղղություններով: Բացառված չէ, որ իսլամական աշխարհում ծայր առած հեղափոխությունների ալիքը շարունակվի Թուրքիայում: Թուրքական լոբբին ոչ միայն ակտիվ աշխատում է, այլեւ որոշակի հաջողություններ է արձանագրում, դրանք ծառայեցնում Թուրքիայի շահերին: Ցայտուն օրինակը Մեւլութ Չավուշօղլուի ընտրվելն է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում: Նա կարողացավ թուրքական քաղաքականությունը պարտադրել եվրոպական հեղինակավոր այս կազմակերպությանը: Նրա քաղաքական հայտարարությունները բացահայտորեն բխում ու պաշտպանում են թուրք - ադրբեջանական տանդեմի շահերը: Այս ամենին մեր դիվանագիտությունը պետք է առավել ակտիվ հակազդեր, սակայն գրեթե ոչինչ չարվեց»:

Անդրադառնալով փետրվարի 15-ին Ժողովրդական կուսակցության կազմակերպած հանրահավաքին` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Տիգրան Կարապետիչի բախտը չբերեց: Վերջին երկու ամիսների ընթացքում իշխանությունները փաստորեն նրան երկրորդ անգամ «քցեցին»: Սկզբում զրկեցին եթերից, իսկ հետո երբ «ընդդիմադիր նոր շարժում» ստեղծելու հայտ ներկայացրեց, հրաժարվեցին օգտվել նրա ծառայություններից: Սա պարզ դարձավ երեկ, երբ ի զարմանս շատերի` Կարապետիչի հանրահավաքին ներկա գտնվեց ընդամենը մի քանի հարյուր մարդ: Ճիշտն ասած` նրա հետ իսկապես անարդար վարվեցին, որովհետեւ նա ամեն ինչ «ճիշտ» էր անում եւ առաջնորդվում էր իշխանությունների սահմանած խաղի կանոններով: Տարիներ շարունակ եթերը լցնում էր «տաշի-տուշի»-ով, երբ առաջարկում էին` հատուկ ընդդիմությունը վարկաբեկող անհայտ ծագման ֆիլմեր էր ցուցադրում եւ այլն: Հիմա էլ է իրեն «ճիշտ» պահում, օրինակ` հայտարարում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք երկիրը թալանել են, միլիարդները լափել են եւ այդպես շարունակ, եւ բնականաբար, իրավունք ուներ ակնկալելու, որ իր այդ ջանքերը կգնահատվեն: Բայց փաստորեն չգնահատվեցին, եւ Կարապետիչն ի վերջո հայտնվեց այնտեղ, որտեղ, իր կարծիքով, միշտ էր գտնվում, այսինքն` կենտրոնում: Այն իմաստով, որ ոչ իշխանություններն են նրան ընդունում, ոչ ընդդիմությունը»:

«Ժողովրդագրական ապտակ» վերնագրի ներքո «Երկիր» օրաթերթը գրում է. - «Յուրաքանչյուր երկրի ամենաառաջնահերթ, ռազմավարական խնդիրներից մեկը ժողովրդագրական աճի պայմանների ստեղծումն է: Եթե բնական աճը չի ապահովում պետության ազգային անվտանգության անհրաժեշտ մակարդակը, կիրառում են ներգաղթը խրախուսող միջոցառումներ: Մեզ մոտ ոչ մեկն է արվում, ոչ մյուսը: Ավելին` արտագաղթը, կարծես, խրախուսվում է: Օրինակ, վարչապետը, ի դեմս հեռացողների, ոչ թե երկիրը լքողների է տեսնում, այլ` դրսից փող ուղարկողների: Այդյունքում Հայաստանը վերածվում է մարդկային ռեսուրսներ «մատակարարողի»: Վերջերս Հայաստանից աշխատուժի արտահոսք է կազմակերպում Ռուսաստանը: Հայաստանի քաղաքացիները տեղափոխվում են Ալթայի երկրամաս: Վրաստանում էլ ցանկացած հայաստանցի կարող է քաղաքացիություն ստանալ հաշվված օրերի ընթացքում: Սա միայն արժանապատվության հարց չէ, սա արդեն պետության եւ պետականության գոյության հարց է դառնում»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG