Մատչելիության հղումներ

Գորբաչովը խոսում է Ռուսաստանում եգիպտական սցենարի հնարավորության մասին


Միխայիլ Գորբաչովը իր գրասենյակում, 11-ը փետրվարի, 2011թ.
Միխայիլ Գորբաչովը իր գրասենյակում, 11-ը փետրվարի, 2011թ.
Ռուսաստանի քաղաքական ռեժիմը կարող է ավելի կոշտ վերջաբան ունենալ, քան Եգիպտոսում էր։ «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում այդ մասին հայտարարել է նախկին Խորհրդային Միության առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը:

«Եթե մենք ժամանակ կորցնենք, եթե հետեւողականորեն չպաշտպանենք
մարդու իրավունքները, չձեւավորենք արդյունավետ խորհրդարան, որն
ընդունակ կլինի վերահսկել գործադիր իշխանությունը, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, ապա ես կարծում եմ` եգիպտական սցենարի հարավորությունը կսկսի աճել», - ասել է նա:

Խորհրդային պետության առաջին եւ վերջին նախագահը խստորեն քննադատում է Ռուսաստանի այսօրվա իշխանություններին` ասելով. - «Տեսեք, թե ինչպես է ձեւավորվում իշխանությունը` վերցում են իրենց մտերիմներին, ում հետ սովորել են, ում հետ ապրել են նույն փողոցում, ում հետ ֆուտբոլ են խաղացել, ում հետ ինչ-որ գործեր են արել ու շարունակում են անել: Այսինքն` գլխավորը անձնական հավատարմությունն է, ծանոթությունը, մտերիմ հարաբերությունները: Ես այդպիսի մոտեցում չեմ ընդունում` վճռականապես»:

Այսօրվա Ռուսաստանի իշխանություններից Գորբաչովի հիմնական պահանջը, դժգոհությունն այն է, որ դանդաղ են լուծվում ժողովրդավարության խնդիրները. - «Ժողովրդավարության տեսակետից ամեն ինչ կա` խորհրդարան կա, դատարաններ կան, մամուլ կա, բայց արդյունքները շատ քիչ են»։

Ռուսաստանի առաջիկա` 2012 ու 2018 թվականների նախագահական ընտրությունների մասին ասվում է, թե առաջինում կառաջադրվի Մեդվեդեւը, հետո նորից` Պուտինը: Այս խոսակցությունների առնչությամբ Գորբաչովն շեշտում է, թե ամոթ է, երբ երկրի ղեկավարներն ասում են` «ժամանակը կգա, կնստենք, կորոշենք` ով կառաջադրվի ընտրություններում»։ Նա ասում է, թե նրանց փոխարեն ամոթ է զգում` կարծես թե հասարակություն չկա, Սահմանադրություն չկա, ընտրական համակարգ չկա` նրանք երկուսով պիտի որոշեն:

«Երկուսի իշխանություն, իսկ ո՞ւր ենք մենք` 140-միլիոնանոց ժողովուրդը: Դա ինձ դուր չի գալիս: Նրանք համոզված են, որ իրենք հայրենիքի փրկիչներն են, իսկ ես կարծում եմ, որ դա այդպես չէ», - ընդգծել է նախկին խորհրդային պետության ղեկավարը:

Նա ասում է, որ արդեն հայտնվում են մարդկանց այնպիսի խմբեր, որոնք կգտնեն եւ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու կառաջադրեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG