Մատչելիության հղումներ

Իրան-Հայաստան նավթամթերքատար խողովակաշարի հայկական հատվածը կարժենա 100 միլիոն դոլար


Հայաստանը մտադիր է այս տարի սկսել Իրան – Հայաստան նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի հայաստանյան հատվածի կառուցումը: Երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Խողովակաշարը, որի կառուցման շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել այս տարվա հունվարի 27-ին` Արմեն Մովսիսյանի Իրան կատարած այցի ընթացքում, նախնական գնահատականներով կունենա 365 կիլոմետր երկարություն եւ կարժենա 160 – 180 միլիոն դոլար:

Նախարարը նշեց, որ Իրանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ յուրաքանչյուր երկիր կկառուցի խողովակաշարի իր տարածքով անցնելիք հատվածը:

Հայկական հատվածի կառուցման համար կպահանջվի մոտ 100 միլիոն դոլար:

Անդրադառնալով նախագծում ներդրողներ ներգրավելու խնդրին` Արմեն Մովսիսյանը, կարծիք հայտնեց, որ «նման տնտեսական մեծ էֆեկտիվություն ունեցող ծրագրի համար» ներդրողներ շատ կգտնվեն եւ չբացառեց, որ կարող են օգտագործվել նաեւ պետական միջոցներ:

Նախարարության տվյալներով Հայաստանում նավթամթերքի տարեկան պահանջարկը մոտ 400 հազար տոննա է:

Արմեն Մովսիսյանը նշեց, որ խողովակաշարի թողունակությունը լիովին բավարար է ինչպես նավթամթերքի այսօրվա պահանջարկը սպասարկելու, այնպես էլ առաջիկա 25 տարիներին պահանջարկի սպասվող աճի դեպքում երկիրն էներգակիրներով ապահովելու համար:

Խողովակաշարը, ըստ նախարարի, հնարավորություն կտա նավթամթերքներ բերել ոչ միայն Իրանի նավթազտարանից, այլեւ` Պարսից ծոցից:

«Այստեղից կարելի է ցանկացած որակի, ցանկացած քանակի նավթամթերքներ ձեռք բերել, օգտվելով Պարսից ծոցի գներից, որոնք սովորաբար Միջերկրական ծովի գներից որոշակի տարբերություն ունեն, եւ տեղափոխման հարցերը լուծել ավելի էժան տարբերակով, քան երկաթուղին է: Սա հնարավորություն կտա նավթամթերքների տեղափոխումը դեպի Հայաստան ավելի կայունացնելու», - նշեց Արմեն Մովսիսյանը:

Դեռ անցած տարի էներգետիկայի նախարարը Իրանից Հայաստան նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի կառուցման անհրաժեշտությունը հիմնավորել էր Հայաստանը նավթամթերքներով, մասնավորապես` բենզինով ապահովելու գործընթացն ավելի օպերատիվ դարձնելու հրամայականով: Այդ հարցում դժվարություններ էին առաջացել 2008 թվականի ռուս-վրացական հակամարտության օրերին:
XS
SM
MD
LG