Մատչելիության հղումներ

Գրիգորի Կարասինը հանդիպել է «Ժառանգության» ներկայացուցիչներին


Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինի գլխավորած պատվիրակությունը այսօր հյուրընկալվել է Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունում:

Հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, քարտուղար Լարիսա Ալավերդյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ժառանգության» հաղորդագրության համաձայն, հանդիպման մասնակիցները քննարկել են երկու երկրների համագործակցության ու հետաքրքրությունների դաշտում գտնվող մի շարք խնդիրներ` «Ռուսաստան - Հայաստան ռազմավարական հարաբերություններ, Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հարուցվող հարցեր, որոնք դեռեւս անհիմն անվանվում են «հայ - ադրբեջանական բախում» կամ «Արցախի հարց», տարածաշրջանի լարվածության ու ռազմականացման հարցեր, խորհրդարանական միջազգային կազմակերպություններում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության անհրաժեշտությունը»:

«Բարձրացվեցին նաեւ տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես, ներկայացվեց, որ հայ - ռուսական համատեղ պետական ձեռնարկության կողմից, առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու, իրականացվում են ուրանի հանքերի ուսումնասիրությանն ուղղված աշխատանքներ, որոնք բացասաբար են անդրադառնում շրջակա միջավայրի վրա: Նշվեց նաեւ, որ Ռուսաստանի կողմից սեփականություն ձեռք բերելու քաղաքականությունը կրում է գրեթե համատարած բնույթ, այնինչ ներդրումային քաղաքականությունը դեռեւս գտնվում է անբավարար մակարդակի վրա», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG