Մատչելիության հղումներ

logo-print

Ռագըփ Զարաքոլու. «Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային չի նվաստացնի»


Թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքոլու

Թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքոլու

Թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն երեքշաբթի օրը Հայաստանի Ազգային գրադարանում պարգեւատրվեց Հակոբ Մեղապարտի անվան մեդալով` որպես հրատարակչական մեծ գործունեություն ծավալող անձ, ով նաեւ տասնյակ հատորներ է նվիրել Ազգային գրադարանին:

Զարաքոլուն նաեւ շնորհակալագիր ստացավ Ազգային գրադարանի կողմից` իր կատարած իրավական, հասարակական գործունեության համար:

Թուրք հրատարակիչը փետրվարի 14-16-ը «Բացահայտենք Թուրքիան» խորագրով դասախոսությունների շարք է ներկայացնում լրագրողների եւ ակտիվ բլոգերների համար:

Զարաքոլուն մարդու իրավունքների, Հայ դատի պաշտպանության, Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ մարդկության դեմ կատարված այլ ցեղասպանությունների դատապարտման եւ հումանիտար արժեքներին հավատարմության համար բազմիցս մրցանակների է արժանացել:

Ներկայացնելով թուրք մտավորականին` Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը շեշտեց, որ նա ոչ միայն ի նպաստ Հայ դատի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման է աշխատում, այլեւ առհասարակ մարդկության դեմ մինչ այսօր իրականացվող ոճիրների դեմ:

«Մենք գործ ունենք հումանիզմի գաղափարներով տոգորված մի գործչի հետ, որը, ցավոք սրտի, ներկայիս Թուրքիայում ցանկալի անձ չէ», - ասաց Սարգսյանը:

Իր վարած գործունեությահ համար Զարաքոլուն եւ նրա կինը դատապարտվել են Թուրքիայում: Նրա ղեկավարած հրատարակչությունը տպագրել է մի շարք գրքեր նվիրված Հայոց ցեղասպանությանը, այդ թվում` Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունն ու հավաքական հիշողություն» գիրքը թուրքերենով, պրոֆեսոր Վահագն Տատրյանի «Հայոց ցեղասպանությունը եռյակ դաշինքի պետական արխիվային վավերագրերում» ծավալուն աշխատությունը, Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը» գիրքը եւ այլ աշխատություններ:

2008-ի հունիսին թուրքական դատարանը հինգ ամսվա ազատազրկման էր դատապարտել Զարաքոլուին՝ Ջորջ Ջերջյանի Հայոց ցեղասպանությանը վերաբերյալ «Ճշմարտությունը մեզ կազատագրի» գիրքը թուրքերեն տպագրելու համար:

Պարգեւները ստանալուց հետո Զարաքոլուն շեշտեց, որ դրանք իր կյանքում ամենանվիրական պարգեւներն են:

Սրանից հետո կայացած մամլո ասուլիսում Զարաքոլուն ասաց, որ ավելի կարեւոր է հայ-թուրքական երկխոսությունը ոչ թե պաշտոնական, այլ քաղաքացիական հասարակության մակարդակով իրականացնել: Ըստ նրա` այս եղանակով ավելի շատ է հնարավոր հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Սա Թուրքիային չի նվաստացնի, ընդհակառակը` ավելի վեհ կդարձնի, եթե ճանաչի [Հայոց ցեղասպանությունը]: Աշխարհում շատ հասարակություններ սա արդեն արել են: Ցավոք սրտի, մարդկության պատմությունը հարուստ է նման միջադեպերով, սակայն եթե մենք ուզում ենք կանխել նոր ողբերգությունները, պետք է նախ ասենք` երբեք այլեւս չի կրկնվի եւ ընդունենք նախորդ սխալները», - ասաց Զարաքոլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG