Մատչելիության հղումներ

Թուրքական մամուլը հաղորդում է Գյուլի բանագնացի` Երեւան կատարելիք այցի մասին


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովում, 1-ը դեկտեմբերի, 2010թ.

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովում, 1-ը դեկտեմբերի, 2010թ.

Haberturk պարբերականի փոխանցմամբ, պաշտոնական Անկարան Երեւանին հորդորելու է հավանություն տալ Էրսին Էրչինի` ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար ընտրվելու հարցում:

Haberturk-ը հայտնում է, որ Էրսին Էրչինը հաջորդ ամսվա ընթացքում անձամբ կմեկնի Երեւան, որտեղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կհանձնի ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրության հարցով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի նամակը։

Էրսին Էրչինը Hurriyet-ին տված հարցազրույցում ասել է, որ մի շարք հանգամանքներ` աշխարհագրական դիրքը եւ Եվրոպական միության հետ անդամակցության բանակցությունները, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում անորոշ կացությունը, Թուրքիային տալիս են ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնելու իրավունք։

«Թուրքիան մի երկիր է, որը հրաշալի հասկանում է Արեւելքի եւ Արեւմուտքի նրբությունները եւ հարկ եղած դեպքում կարող է գտնել կազմակերպության ներսում անհրաժեշտ փոխզիջումը։ Թուրքիային այս հարցում սատարելը Եվրոպայի համար կդառնա ռազմավարական ընտրություն», - ասել է Էրչինը, ով հիմա նախագահ Գյուլի հատուկ բանագնացն է եվրոպական անվտանգության հարցերով։

Էրչինն Անկարայի համալսարանի քաղաքագիտության բաժնի շրջանավարտ է, արտգործնախարարության համակարգում 1981 թվականից է աշխատում, պաշտոնավարել է ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, աշխատել է Սիրիայում Թուրքիայի դեսպանատան երկրորդ քարտուղար, ապա` Բրազիլիայում Թուրքիայի դեսպան։

ԵԱՀԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի պաշտոնավարման ժամկետն այս տարի է սպառվում։ Այդ պաշտոնի համար Էրսին Էրչինի հետ պայքարում են Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկը, իտալացի դիվանագետ, Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Լամբերտո Զանիերին եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ, պորտուգալացի դիվանագետ Ժոաո Սոարեշը։

Եվրոպական հեղինակավոր մեկ այլ ատյանի` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը ստանձնել է թուրք դիվանագետ Մեւլութ Չավուշօղլուն։ Եթե Էրչինին հաջողվի ընտրվել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար, ապա դա, անկասկած, կհզորացնի պաշտոնական Անկարայի քաղաքական եւ դիվանագիտական դիրքերը Հին աշխարհամասում։

Արդյո՞ք Հայաստանն այս հարցում պետք է սատարի Թուրքիային. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ` դա նպատակահարմար չէ։

«Հաշվի առնելով այն, որ մենք, այսպես ասած, արդեն ունենք Չավուշօղլուի բացասական փորձառությունը, պետք է զգուշավորություն ցուցաբերել։ Այս դեպքում, իմ կարծիքով, մենք պետք է խուսափենք այնպիսի քայլից, որը կնպաստի թուրք դիվանագետի` որեւէ եվրոպական կառույցում բարձր պաշտոն ստանձնելուն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Մեկնաբանելով թուրքական մամուլի հաղորդած տեղեկությունը` հայաստանյան դիվանագիտական աղբյուրներից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նման խնդրանքով սովորաբար դիմում են բարեկամ պետություններին, իսկ Թուրքիան Հայաստանի բարեկամների շարքին երբեւէ չի դասվել, ավելին` նախկինում պաշտոնական Անկարան մի քանի անգամ նման խնդրանքով դիմել է Երեւանին եւ միշտ մերժում ստացել:

Իսկ հնարավո՞ր է, որ թուրքական կողմի այս քայլը նոր շունչ հաղորդի հայ - թուրքական հարաբերություններին. «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Հովհաննիսյանը այդ առնչությամբ երկու կոմպոնենտ մատնանշեց:

«Առաջին կոմպոնենտը հետեւյալն է` թուրքական կողմը յուրաքանչյուր փուլում հայ - թուրքական բանակցությունների անընդհատ ընդգծում է` թե' պաշտոնական, թե' ոչ պաշտոնական մակարդակներում, որ հայկական կողմից անհրաժեշտ է մի այսպիսի բարի կամք դրսեւորող ժեստ, որով թուրք հասարակությունը հասկանա, որ Հայաստանը իրոք առանց հետին մտքի ձգտում է հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու: Այս տեսանկյունից եթե դիտարկենք` իհարկե, սա դիվանագիտական խաղ է, որը պիտի իր համապատասխան պատասխանը հայկական կողմից ունենա», - ասաց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Բայց երկրորդ կոմպոնենտը հետեւյալն է` եթե այն լուրը, որը տարածել են թուրքական լրատվամիջոցները, համապատասխանում է ճշմարտությանը, ապա դա դիվանագիտական գործողություն է: «Մենք ձեզնից խնդրում ենք այսինչ բանը»` սա գործարքի մի մասն է, եւ հայկական կողմը այդ դեպքում պիտի փորձի տեսնել, թե թուրքական կողմը դրա դիմաց ինչ է տալիս: Եթե գործարքը երկկողմանի շահավետ է, այսինքն` հայկական կողմը իրական ձեռքբերում կունենա դրանով, ապա ամեն ինչ կարելի է քննարկել եւ կարելի է գալ համապատասխան լուծումների»:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց. - «Ես չեմ կարծում, որ սա ինչ-որ շրջադարձ քայլ կլինի, որովհետեւ հայ - թուրքական հարաբերությունները բարելավելու համար ներկա փուլում միայն եւ միայն մի տարբերակ կա` այդ այդպես կոչված արձանագրությունների վավերացումը: Եթե այդ քայլը տեղի չունենա, մնացած բոլոր քայլերը, բնականաբար, ձեւական ու ոչ լուրջ բնույթ են կրելու»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG