Մատչելիության հղումներ

logo-print

Պուտինի մարզընկերները եւ հարեւանները` Ռուսաստանի ամենահարուստների ցուցակում


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ձյուդոյի նախկին սպարինգ պարտնյորը` մարզընկերն ու նրա եղբայրը համալրել են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակը, որը 2004 թվականից կազմում է ռուսաստանյան «Ֆինանս» պարբերականը:

59-ամյա Արկադի Ռոտենբերգը, ով Սանկտ Պետերբուրգում պատանի Պուտինի հետ ձյուդոյի մարզումներ է անցկացրել, Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում միանգամից 17 կետով վեր է բարձրացել եւ 1.75 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 63-րդ տողը:

Ռոտենբերգը Սանկտ Պետերբուրգում ձյուդոյի ակումբ ունի, որի պատվավոր նախագահն է Պուտինը, բացի այդ` նա «ՍտրոյԳազՄոնտաժ» ընկերությունն է ղեկավարում, որը ստանձնել է «Հյուսիսային հոսք» (Nord Stream) գազատարի` Բալթիկ ծովով անցնող հատվածի շինարարությունը:

Ռոտենբերգը նաեւ «Մոստո տրեստ» շինարարական ընկերության բաժնետեր է, որը շահավետ պայմանագրեր ունի Սոչիում ` 2014 թվականի Ձմեռային օլիմպիադայի նախաշեմին:

Ռոտենբերգի կրտսեր եղբայրն ու գործընկերը` Բորիսը, ով եւս ձյուդոիստ է, կիսում է ամենահարուստ մարդկանց ցուցակի 63-րդ տեղը եղբոր հետ:

Երկու եղբայրները 2009 թվականին «Ֆինանս» հանդեսի հրապարակած 500 ամենահարուստների ցուցակում 395-րդ տեղն էին զբաղեցնում:

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում են հայտնվել նաեւ վարչապետ Պուտինի երկու նախկին հարեւանները` Յուրի Կովալչուկը, ով բանկիր դարձած գիտնական է, 90-ականներին ապրել է Պուտինի գյուղական տան հարեւանությամբ, այժմ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում գրավում է 115-րդ տեղը, մյուս հարեւանը` Նիկոլայ Շամալովը, հարուստների ցուցակում 184-րդն է:

Ցուցակի առաջին հորիզոնականներում մետալուրգիական ընկերությունների ղեկավարներն են: Այս տարի 28 միլիարդ դոլար կարողությամբ առաջին տեղն է զբաղեցրել եւ Ռուսաստանի ամենահարուստ մարդն է համարվում Վլադիմիր Լիսինը` Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տերը: Նա 2010 թվականի իր 19 միլիարդ դոլար կարողությանը ավելացրել է եւս 9 միլիարդ:

Երկրորդ տեղում է «Օնեկսիմ» ընկերության սեփականատեր եւ Ռուսաստանի բիաթլոնիստների միության նախագահ Միխայիլ Պրոխորովը` շուրջ 23 միլիարդ դոլարով:

Ամենահարուստ մարդկանց եռյակից առաջին անգամ դուրս է մնացել «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը` նա հայտնվել է 5-րդ հորիզոնականում: Նրան իրենց հարստությամբ գերազանցել են Ալիշեր Ուսմանովը եւ Օլեգ Դերիպասկան:

Ռոման Աբրամովիչը չի աղքատացել, պարզապես նրա մրցակիցներն են այս տարի առավել հաջողակ գտնվել:

Ամենահարուստների ցուցակում ավելացել են կանայք. այժմ կին միլիարդատերերը 16-ն են` նախորդ տարվա 13-ի փոխարեն:

Ինչպես եւ անցած տարի, Ռուսաստանի ամենահարուստ կինը Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինն է` «Ինտեկո» կազմակերպության սեփականատեր Ելենա Բատուրինան, ով, սակայն, 2010 թվականի ընթացքում կորցրել է իր կարողության կեսը, 47 կետով նահանջել է եւ 1.1 միլիարդ դոլարով զբաղեցնում է 94-րդ հորիզոնականը:

Ընդհանուր առմամբ, «Ֆինանս» պարբերականը այս տարի Ռուսաստանում 114 դոլարային միլիարդատեր է հաշվել, ինչը ռեկորդային թիվ է այդ երկրի համար: 2008 թվականին` մինչ ֆինանսական ճգնաժամը, դոլարային միլիարդատերերի թիվը Ռուսաստանում 101 էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG