Մատչելիության հղումներ

logo-print

Մանրածախ առեւտրականները շարունակում են դժգոհել փողոցային առեւտրի արգելքից


Այս տարվա հենց սկզբից Երեւանի քաղաքապետի հրահանգով փողոցներում առեւտուր անելու հնարավորությունից զրկված տասնյակ առեւտրականներ երկուշաբթի օրը բողոքի ակցիա անցկացրեցին Հանրային հեռուստառադիոընկերության շենքի մոտ` դժգոհություն հայտնելով փողոցային առեւտրի վերաբերյալ «Տեսանկյուն» հաղորդաշարի անդրադարձից, որը եթեր է հեռարձակվել օրերս:

Առեւտրականներին հատկապես զայրացրել էր հաղորդման մեկնաբան Գեւորգ Ալթունյանի այն բնորոշումը, թե փորձ է արվում այս մարդկանց բողոքներն օգտագործել նեղ քաղաքական նպատակներով, եւ ինչ-ինչ ուժեր փորձում են այդ բողոքը վերածել պայքարի:

Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված հաղորդման մեջ տեղ էր գտել նաեւ մի հատված «Գիքորը» ֆիլմից: Դժգոհ առեւտրականներն ասում էին, թե վիրավորված են Հայաստանի քաղաքացիների վճարած հարկերի շնորհիվ աշխատող հանրային հեռուստաընկերության նման վերաբերմունքից ու հակադարձում, որ իրականում Հովհաննես Թումանյանի հայտնի հերոսի` Գիքորի կարգավիճակում են ոչ թե իրենք, այլ ցածր աշխատավարձով ու նվաստացուցիչ պայմաններով սուպերմարկետներում աշխատող երիտասարդները, իսկ «Բազազի» դերը ստանձնել են իշխանությունից եւ մականունավոր օլիգարխներից կազմված «մաֆիան»:

Փողոցային առեւտրի արգելքի հետեւանքով աշխատատեղից եւ գոյատեւման միջոցներից զրկված քաղաքացիները ուշադրություն էին հրավիրում նաեւ քաղաքապետարանի պաշտոնական մեկնաբանություններին, թե փողոցային առեւտուրը պետք է վերացնել քաղաքի բարեկարգման նպատակով: Ակցիայի մասնակիցների համոզմամբ, այս պաշտոնական պնդումներն իրականության հետ որեւէ կապ չունեն եւ հետապնդում են կոնկրետ շահեր:

«Բարեկարգման դիմակի տակ դա անում են, որ ավելացվեն ՍԱՍ-ի, Սիթիների, Սթարների նման խանութների միլիոնները, միլիարդներ դարձնեն», - ասում էին առեւտրականները, - «Քաղաքապետարանի առաջարկությունները միայն հարմար են սուպերմարկետների տերերին»:

Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ քաղաքապետարանն իրենց որեւէ այլընտրանք չի առաջարկում: Նրանք պարզել էին պաստառներ, որոնց վրա գրված էր. «Չենք հանդուրժելու», «Հայը հալածվում է իր հայրենիքում», «Մենք ամեն գնով վերանվաճելու ենք մեր իրավունքները», «Չենք ներելու մեր երեխաներին հացից զրկողներին»:

Երեւանի քաղաքապետարանից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ քաղաքապետարանն առաջարկում է 3000 աշխատատեղ շուկաներում, ընդ որում`միջնորդում է, որ շուկաների տնօրենները սկզբնական շրջանում անվճար վաճառատեղեր տրամադրեն:

«Բացի այդ` անհրաժեշտության դեպքում կլինեն նաեւ այլ հնարավորություններ», - փոխանցեցին Երեւանի քաղաքապետարանից` առանց հստակեցնելու կոնկրետ ժամկետներ:

Առեւտրականները, սակայն, պնդեցին, որ քաղաքային իշխանությունների առաջարկները հարմար են պաշտոնյաներին ու օլիգարխներին, ոչ թե մանրածախ առեւտրով գոյատեւողներին` վստահություն հայտնելով, որ շուկաներում տեղ զբաղեցնելու դիմաց կարճ ժամանակ անց կպահանջվի բարձր գին: Նրանք հայտարարեցին, որ շարունակելու են բողոքի ակցիաները, եւ վաղը բողոքի ցույց կկազմակերպեն կառավարության շենքի դիմաց:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG