Մատչելիության հղումներ

Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նախկին հրամանատար Գրիշա Խաչատուրովն «սարքված» է որակում նույն զորամասի գումարտակի հրամանատար «Ռոժ» մականունով հայտնի Վարդան Մարտիրոսյանին եւ գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Կարապետյանին առաջադրված մեղադրանքները:

Վարդան Մարտիրոսյանը, ըստ մեղադրանքի, ստիպել էր զինծառայողներին իրենց անուններով վարկեր վերցնել, սակայն զինվորները չէին կարողացել դրանք վերադարձնել: Իրականությունը պարզվել էր, եւ գումարներ հավաքող հրամատարը ձերբակալվել էր: Իսկ Արթուր Կարապետյանը զինվորներից շորթել էր մոտ 1 միլիոն դրամ` հրամանատարի համար համակարգիչ գնելու նպատակով: Անցած տարվա վերջին երկու սպաների նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվեցին:

«Սարքված է, տենց գործ չի եղել, եւ կարճել են նրա համար, որ գործ չկա», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գրիշա Խաչատուրովը` Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին:

Վարդան Մարտիրոսյանի նկատամամբ հարուցված քրեական գործը կարճվել էր «գործուն զղջման» հիմքով եւ ոչ թե հանցակազմի բացակայության պատճառով:

Հարցին, եթե նա զղջացել է, ուրեմն ի՞նչ-որ մեղք կատարելու համար է դա արել, Խաչատուրը պատասխանեց, թե նա քննչական մարմնի հետ համաձայնության է եկել, որովհետեւ «Մարտիրոսյանին սպառնացել են Ռազմական ակադեմիայից դուրս թողնել»: Խաչատուրը չասաց, թե ով է «սարքում այդ գործը»:

Այն դիտարկմանը` եթե Վարդան Մարտիրոսյանը իսկապես չէր ստիպել զինվորներին իր համար վարկեր վերցնել, կարող էր վիճարկել քննչական մարմնի գործողությունները, եթե կարծում էր, թե դրանք անօրինական են, Խաչատուրովը ասաց. - «Գումարներ են պահանջում փաստաբանները, չէ՞: Գնացեք մտեք Մարտիրոսյան Վարդանի տուն, կհասկանաք, թե ինչո՞ւ դատի չի տալիս: Տունը սովորական կահույք չկա, որ նստեն իրա էրեխեքը»:

Խաչատուրովը այժմ չի ծառայում Զինված ուժերում: Ասաց, երբ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում ի հայտ եկան սպաների կողմից պաշտոնեկան լիազորությունները չարաշահելու դեպքերը, ինքը արդեն զորամասի հրամանատարը չէր, սակայն չհերքեց, որ «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանն իր մանկության ընկերն է:

Նա հերքեց Մարտիոսյանի գործը կարճելու մեջ իր ունեցած ազդեցությունը:

«Գործը կարճել է քննչական վարչությունը, տակը նյութ չկա, քննչական մարմնից ոչ մեկ հետ զրույց չեմ արել, ոչ մեկի վրա չեմ էլ նայել: Օգնել եմ ես փաստաբանի պահով, ուրիշ ոչ մի բանով», - ասաց նա:

ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը ձեռնպահ մնաց մեկնաբանություններից: Մինչ Խաչատուրովն իր ընկերներին իբրեւ Հայոց բանակի լավագույն սպաներ էր ներկայացնում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույն զորամասի լեյտենանտներից, այժմ այլ մեղադրանքով կալանքի տակ գտնվող Նարեկ Այվազյանի մայրը` Աիդա Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ իր որդուն եւս զորամասի վերադասներից Արթուր Կարապետյանը ստիպել է բանկից վարկ վերցնել` 500 հազար դրամի չափով եւ տալ իրեն: Որդին հրաժարվել է ու նաեւ այդ մերժումն է դարձել Նարեկին հետապնդելու պատճառը:

«Կարապետյան Արթուրին գումար չի տվել եւ «Ռոժի» ընկերոջը չի թողել, որ մտնի զորամաս, եւ հայտնաբերել է ռազմական գույք հանդիսացող դիզվառելիք յուրացնողներին: Ես հաղորդում եմ Վովա Գասպարյանի խոսքորը` «ցիստեռնով սոլյարկա ծախող Կարապետյան Արթուրին դուր չի եկել, որ Նարեկը հայտնաբերել է դիրքերում [յուրացումը]», - ասաց Աիդա Այվազյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG