Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարությունից պաշտոնապես հաստատում են, որ շաբաթ օրը` փետրվարի 12-ին, Լեռնային Ղարաբաղում զինծառայողի մահվան նոր դեպք է գրանցվել: Երկուշաբթի օրը ՊՆ քննչական վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ 22-ամյա Թորգոմ Սարուխանյանի մահվան առնչությամբ դեռեւս որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ձերբակալվածներ առայժմ չկան, կատարվում է նախաքննություն:

Դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի զորամասերից մեկում: Թորգոմ Սարուխանյանը մահացել է հրազենի գործադրումից:

Պաշտպանության նախարարության քննչական վարչության փոխանցմամբ` կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով, այն է` «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը առայժմ չի մեկնաբանում, թե ինչ հանգամանքներում է կատարվել դեպքը:

Նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը միայն փոխանցեց, որ մանրամասները քննության արդյունքում պարզ կդառնան:

Թորգոմ Սարուխանյանը Գյումրիի Անի թաղամասի բնակիչ էր: Այսօր Թորգոմենց տուն «Ազատություն» ռադիոկայանի այցելության ժամանակ նրա ծնողները, հարազատներն ու ընկերները շոկի մեջ էին կատարվածից: Ասում էին, որ դեպքից մի քանի ժամ անց են ընտանիքին զանգել ու ասել, որ Թորգոմը մահացել է, ինքնասպան է եղել: Հարազատները տեղեկություն չունեին, թե ինչ միջադեպ է նախորդել զինծառայողի մահվանը:

Երիտասարդի ծնողներն առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից:

Նրա ազգականներն ու ընկերները տարակուսանքի մեջ էին, թե ի՞նչը կարող էր Թորգոմին դրդել նման քայլի, քանի որ, նրանց պնդմամբ, նա երբեւէ չի դժգոհել ծառայությունից: Նա շուրջ 1 տարի, 3 ամսվա զինծառայող էր, այս տարվա աշնանը պետք է ավարտեր ծառայությունն ու վերադառնար տուն:

Թորգոմ Սարուխանյանի ազգականները պատմում էին, որ նա դեպքից մի քանի օր առաջ զանգել է տուն, զրուցել մոր հետ եւ ոչ մի դժգոհություն չի հայտնել:

Ընկերներն էլ ասում էին, որ երիտասարդը մեծ հարգանք է վայելել ընկերական շրջապատում, նրան բնութագրում էին որպես խելոք ու համեստ անձնավորություն եւ պնդում էին, որ չէր կարող ինքնասպան լինել:

«Ընդհանրապես աբսուրդ է, որ ինքն իրեն սպաներ: Նորմալ շնորհքով, հարգված, մայլի էրեխա է եղել», - ասաց Թորգոմի ընկերներից մեկը` հավելելով, որ զինվորների հետ եւս Թորգոմը նորմալ հարաբերություններ է ունեցել:

Թորգոմ Սարուխանյանը ուշ է բանակ գնացել, հարազատների պնդմամբ, առողջական խնդիրների պատճառով ծառայությունը մի քանի տարով հետաձգվել էր:

Սա վերջին շաբաթվա ընթացքում զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է Ղարաբաղում: Փետրվարի 6-ին Հադրութի զորամասերից մեկում մահացել էր 19-ամյա զինծառայող Գեւորգ Կոծինյանը, որը, ինչպես անցյալ չորեքշաբթի օրը հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սպանվել էր դաժան ծեծի արդյունքում: Կոծինյանի մահվան գործով 4 զինծառայողներ էին ձերբակալվել:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ բանակում կատարվող միջադեպերի հարցը պետք է արդեն շատ լուրջ դրվի:

«Պետք է դրվի կարգապահության ապահովման հարցը, պատասխանատուներին բացահայտելու, հրամանատարների պատասխանատվության հարցը: Հրատապ միջոցներ են պետք մահացության դեպքերի ընդհանրապես կանխարգելման, ընդհանրապես բացառման ուղղությամբ», -ասաց իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG