Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերն արձագանքում են Ծառուկյանի ելույթին


Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ 5-րդ համագումարում
Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ 5-րդ համագումարում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն առայժմ ձեռնպահ է մնում որեւէ մեկնաբանություն անել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության համագումարում կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթի վերաբերյալ:

Շաբաթ օրը` փետրվարի 12-ին ԲՀԿ ղեկավարն իր ելույթում այդպես էլ նախագահ Սերժ Սարգսյանին առաջիկա ընտրություններում սատարելու մասին որեւէ խոսք չասաց: Նա ընդամենը խոսեց ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտության մասին: Օրերս ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու մասին խոսել էր նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Իր ելույթում Գագիկ Ծառուկյանը նաեւ որեւէ կերպ չանդրադարձավ կոալիցիոն համագործակցության նոր առաջարկին, որն, ըստ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչների, արել էր հենց նախագահ Սերժ Սարգսյանը: ՕԵԿ-ականների պնդմամբ` ԲՀԿ-ն պետք է պատասխաներ, թե արդյո՞ք համաձայն է այդ նոր համագործակցության առաջարկին, որով կոալիցիոն ուժերը պարտավորվում են 2013 թվականի նախագահական ընտություններին սատարել Սերժ Սարգսյանին: Չնայած ՕԵԿ-ի հրապարակային հայտարարություններին, ԲՀԿ կտրականապես հերքում է, թե իրեն նման առաջարկ է արվել:

«Միգուցե ԲՀԿ-ն վստահ է, որ կլինի ապագա խորհրդարանում եւ հետեւաբար այսօր այդ հարցին պատասխանելու խնդիր չունի», - ասաց ընդդիմադիրր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը այն մասին, թե ինչո՞ւ Ծառուկյանն այդպես էլ չխոսեց Սերժ Սարգսյանին սատարելու մասին:

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ իրենք պատրաստ են 2013-ին սատարել Սերժ Սարգսյանին, ավելին` չսատարելու խնդիր չունեն, բայց, ըստ Բոստանջյանի, նախ Սերժ Սարգսյանն անձամբ պետք է հայտարարի 2013-ին իր թեկնածությունն առաջադրելու մասին:

«Եթե նախագահը, ենթադրենք, չի ասում այդ [իր թեկնածությունն առաջադրելու] մասին կամ չի ուզում, ինչո՞ւ ես առաջ ընկնում: Քաղաքական ուժեր կան, որ, ենթադրենք, 19-րդ դարում ասել են, թե ում են սատարում», - ՕԵԿ-ին նկատի ունենալով` ասաց Բոստանջյանը:

Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե այս ամենը ցույց է տալիս, որ գոյություն ունի սրվող կոնֆլիկտ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Ըստ Զուրաբյանի` նրանք չեն կարողանում համաձայնության գալ, թե 2013 թվականին ո՞վ պետք է լինի Հայաստանի նախագահը: Զուրաբյանի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ձեռնարկեց մի քայլ, որով պետք է լուծեր այս խնդիրը, եւ ԲՀԿ-ից հավատարմության հայտարարություն պահանջեց, բայց նա դա չստացավ, եւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում սոցիալական ծանր վիճակ է, որ հասարակության մեջ լուրջ դժգոհություններ կան, եւ բացի այդ առաջիկայում սկսվում է ընդդիմության հանրահավաքային սեզոնը, հակամարտող կողմերը կնքել են «փոքրիկ զինադադար»:

«Սերժ Սարգսյանը փորձում էր ապահովել ռեժիմի անվերապահ աջակցությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում իր ընտրության համար, իսկ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա հետ համագործակցող ուժերը դիմադրում են դրան: Խոսքը հիմա իշխանության համար պայքարն է, որը սկսվել է ռեժիմի ներսում Սարգսյանի եւ Քոչարյանի միջեւ: Նրանցից մեկը ուզում է լիարժեք, լիակատար իշխանության տերը լինել, ինչը չի մտնում մյուսի պլանների մեջ», - ասաց Զուրաբյանը:

Հարցին արդյո՞ք Սերժ Սարգսյանը չունի բավարար լծակներ, որպեսզի որոշիչ խոսքը նրան լինի, Զուրաբյանը պատասխանեց. - «Այստեղ գործող կարող են լինել նաեւ արտաքին ուժերի հետ հարաբերությունները եւ մեկի, եւ մյուսի դեպքում: Կարծում եմ, որ նա [Սերժ Սարգսյանը], այնուամենայնիվ, հնարավորություններ ունի հարցը լուծելու իր օգտին, եւ այն, ինչ կատարվեց, ուղղակի տակտիկական նահանջ էր»:

Զուրաբյանի համոզմամբ` բոլորի համար էլ ակնհայտ է, որ հարցը լուծված չէ, եւ առաջիկայում Սարգսյանի եւ Քոչարյանի պայքարը ընթանալու է «շատ ցայտուն ձեւերով»: Նա պատահական չի համարում այն հանգամանքը, որ Քոչարյանը, եւ Ծառուկյանը գրեթե միաժամանակ խոսեցին առաջիկա ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու անհրաժեշտության մասին: Ըստ Զուրաբյանի` սա նույնպես ցույց է տալիս, որ Քոչարյանն ու Սարգսյանը համաձայնության չեն գալիս իշխանությունը վերցնելու հարցի շուրջ:

«Հետքրքիր է, որ այս բանի մասին խոսում են հենց այն մարդիկ, որոնք ոչնչացրել են ազատ ընտրությունների համակարգը, որոնք, ըստ էության, ե'ւ մարտի մեկ են արել, ե'ւ լրջագույն ֆալսիֆիկացիաներ են արել: Նրանք առաջինն են խոսում ազատ մրցակցության մասին: Դա ցույց է տալիս, որ, ըստ էության, այլեւս չի գործում համաձայնության գալու, տեղերը բաշխելու եւ տոկոսները գրելու մասին համաձայնությունները», - շեշտեց Զուրաբյանը:


please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG