Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը փորձում է «վախեցնել» արտասահմանյան համարանիշներով մեքենաների տերերին


Հայաստանում շահագործվող 430 հազար ավտոմեքենաների 10 տոկոսը վրացական պետհամարանիշներով են
Հայաստանում շահագործվող 430 հազար ավտոմեքենաների 10 տոկոսը վրացական պետհամարանիշներով են
Մինչ Գյումրիում շարունակվում են ներկրված ավտոմեքենաների մաքսազերծմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների դեմ բողոքի ակցիաները, Շիրակի մարզի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերից մի քանիսը ուրբաթ առավոտյան ոստիկանների ուղեկցությամբ հրավիրվել էին ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Վահրամ Ենգոյանի մոտ` «անձնական զրույցի»:

Ավտոսեփականատերերից մի քանիսը իրենց անունները չհրապարակելու պայմանով «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Ախուրյանի ոստիկանապետը սպառնալիքներով պահանջել է դադարեցնել ցույցերը:

Ավտոսեփականատերերից ահազանգ ստանալով այն մասին, որ 4 ոստիկաններ իրենցից մեկին կանչում են զրուցելու, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով այս օրերին ակտիվորեն զբաղվում է բողոքի դուրս եկած վարորդների իրավունքների պաշտպանությամբ, ժամանել է դեպքի վայր:

«Ես մինչեւ հասա տեղ` մեքենան կանգնած էր, վարորդը մեջը չէր` նրան զոռով տարել էին: Բայց հենց այդ պահին մեկ այլ վարորդի պատուհանի մոտ 4 ոստիկաններ վիճում էին` ուր որ է դուրս էին քաշում, որ տանեին: Ստիպված եղա ոստիկաններին քշել այդտեղից», - պատմեց Բարսեղյանը: - «Այնուհետեւ փորձեցի մտնել ոստիկանություն` արդեն այնտեղ տարված վարորդին դուրս բերելու համար: Մինչ ոստիկանության ընդունարանում էի` վարորդին բաց թողեցին եւ նա պատմեց, որ ոստիկանության բաժնի պետը փորձել է վախեցնել իրեն»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Վահրամ Ենգոյանը նախ հերքեց, որ ավտոսեփականատերերին բերման են ենթարկել իր մոտ, այնուհետեւ ասաց, որ նրանք ընդամենը հրավիրվել էին «անձնական զրույցի»:

Այս միջադեպերից հետո տասնյակ ավտոսեփականատերերն իրենց մեքենաներով բողոքի երթ անցկացրեցին` անցնելով Գյումրիի, ապա նաեւ հարակից Ախուրյան քաղաքի ոստիկանության բաժանմունքների մոտով:

Մեքենատերերը հայտարարեցին, որ պատրաստվում են առաջիկա 7 օրերին նախօրոք չհայտարարված տարբեր երթուղիներով բողոքի երթեր կազմակերպել:

Փետրվարի 5-ից ուժի մեջ մտած եւ բողոքի տարբեր ակցիաների պատճառ դարձած օրենսդրական փոփոխությունների համաձայն, վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների` Հայաստանի քաղաքացիություն ունեցող տերերը իրավունք ունեն տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ` 15-օրյա ժամկետով ժամանակավոր ներմուծել իրենց մեքենաները:

Թեեւ օրենքում խոսք չկա մաքսազերծման մասին` մեքենայի տերը այն պարտավոր է մաքսազերծել` վճարելով հարկեր, որոնք, ցուցարարների պնդմամբ, կազմում են մեքենայի համար իրենց վճարած արժեքի մինչու 30 տոկոսը: 15-օրյա ժամկետից ավելի ավտոմեքենան Հայաստանում շահագործելու դեպքում սահմանվել են բավական բարձր տուգանքներ:

Նախկինում, վրացական պետհամարանիշներով մեքենաները կարելի էր Հայաստանում շահագործել մեկ ամիս, ապա սահմանում ելք ու մուտք ձեւակերպել եւ կրկին շահագործել եւս մեկ ամիս, առանց մուտքերի քանակի սահմանափակման:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` անցած տարի Հայաստանում շահագործվող շուրջ 430 հազար ավտոմեքենաների ավելի քան 10 տոկոսը, օգտվելով նախկինում գործող օրենքի ընձեռած այս հնարավորությունից, խուսափում էին մեքենաները Հայաստանում մաքսազերծելուց եւ դրանք վարում վրացական պետհամարանիշներով:

Ավտոսեփականատերերը բողոքում են նաեւ մաքսազերծման ընթացքում մեքենաների արժեքի որոշման, եւ, հետեւաբար` գանձվող հարկերի դրույքաչափի սահմանման կամայական բնույթից, նշելով, որ Վրաստանում մեքենան մաքսազերծելը մի քանի անգամ ավելի էժան է նստում, քան Հայաստանում, եւ բացի այդ` այնտեղ մեքենաների սեփականատերերը չեն բախվում բյուրոկրատական այն քաշքշուկների հետ, որոնք կան Հայաստանում:

Այսօր արդեն մեկ շաբաթ բողոքող շիրակցի վարորդներին միացել են Լոռու մարզի մոտ 5 տասնյակ մեքենատերեր` բողոքի երթ անցկացնելով Վանաձորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG