Մատչելիության հղումներ

Ներկոալիցիոն վերջին զարգացումները «տնտեսական շահերի թելադրանք» են


«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի համոզմամբ, իշխանական կոալիցիայի ներսում տեղի ունեցող վերջին զարգացումները, Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսացկությունների միջեւ վերջին բանակցությունները «բացառապես տնտեսական շահերի թելադրանք են եւ որեւէ առնչություն չունեն քաղաքական հարցերի հետ»:

«Կոալիցիայի ներսում բոլոր կուսակցությունները ծառայել են եւ ծառայում են նույն համակարգին: Համակարգային որեւէ փոփոխություն նրանք չեն ցանկանում, այդ թվում նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Կոալիցիայի ներսում պայքարի հիմնական թեզերը եւ կետերը տնտեսական լծակներից այս կամ այն մարդկանց զրկելու կամ օժտելու խնդիրն է… Մնացածը զուտ քաղաքական խաղեր են», - լրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը ասաց Կարապետյանը:

«Նոր ժամանակներ»-ի առաջնորդը նաեւ հայտարարեց. - «Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը փորձում են հիմա առավել առաջ ընկնել, որովհետեւ 2012-13 թվականների ընտրությունները այդ մարդկանց, նրանց կարողությունների համար դառնալու է բախտորոշ: Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան այդ թեժացումը… զուտ տնտեսական խնդիրներ են: Ռոբերտ Քոչարյանը իր տեղը պիտի գտնի վերջիվերջո, փորձի գտնել»:

Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ Սարգսյան - Քոչարյան հարաբերությունների թեժացումը նախագահի հաջորդ ընտրությունների ժամանակ պայմանավորված կլինի Պուտին - Մեդվեդեւ հարաբերություններով. - «Պուտինը կառաջադրվի Մոսկվայում` կառաջադրվի Ռոբերտ Քոչարյանը, Պուտինը չի առաջադրվի Մոսկվայում` չի առաջադրվի Ռոբերտ Քոչարյանը»:

Արամ Կարապետյանը տեղեկացրեց, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում:

Նաեւ համոզմունք հայտնեց, որ ընտրությունների առիթով Հայաստանում հեղափոխություն կլինի. - «Ընտրությունները հետաքրքրում են լուրջ քաղաքական գործիչներին Հայաստանի քաղաքական դաշտում հեղափոխական գործընթացներ սկսելու, քաղաքական պահ դարձնելու իմաստով: Որովհետեւ բոլորն էլ հասկանում են` ի՞նչ ընտրություն Հայաստանում»:
XS
SM
MD
LG