Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանը կբողոքարկի իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին չի բավարարում այն, որ Հատուկ քննչական ծառայությունը գործը կարճել է «ապացույցների անբավարարության» հիմքով:

«Տվյալ դեպքում խոսքը պետք է գնա ոչ թե ապացույցների անբավարարության հիմքով կարճելուն, այլ մեր պաշտպանյալի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով հետապնդումը դադարեցնելու մասին», - ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Սուքիասյանի փաստաբան Արա Զաքարյանը:

Եթե Գլխավոր դատախազությունը մերժի բողոքը, Սուքիասյանի պաշտպանները պատրաստվում են դիմել դատարան, իսկ եթե տեղական ատյաններում հաջողության չհասնեն` բողոք կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը քրեական հետապնդման էր ենթարկվում 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ, այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին: Պատգամավորը հետախուզման մեջ էր մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 2-ը, երբ կամավոր ներկայացավ իրավապահներին: Նրան մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»:

Հաշվի առնելով Սուքիասյանի` Հատուկ քննչական ծառայություն ինքնակամ ներկայանալու հանգամանքը` նախաքննական մարմինը սեպտեմբերի 4-ին փոխեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը, եւ որպես խափանման միջոց ընտրեց ստորագրությունը` չհեռանալու մասին: Օրեր անց Խաչատուր Սուքիասյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, իսկ սեպտեմբերի վերջին մեկնեց Հայաստանից` դա պատճառաբանելով առողջական խնդիրներով:

Խաչատուր Սուքիասյանը այս գործով բողոք է ներկայացրել Եվրադատարան:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, այժմ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնը գլխավորող Գագիկ Ջհանգիրյանը Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու` 2010-ի հոկտեմբերի 19-ին թվագրված որոշումն այսպես բնութագրեց. - «Եթե նկարագրական մասը հանենք, Սուքիասյանին վերաբերում է 6 տող: Նշվում է, թե` նոր ապացույցներ չենք կարողացել ձեռքբերել, բայց չկա նշված, թե` եթե նորը չեք կարողացել ձեռքբերել, բա հին ապացույցները որո՞նք էին… եթե ունեիք` վկայակոչեիք, որ մարդիկ էլ իմանային, թե ինչու եք դիմել ու դադարեցվել են Սուքիասյանի պատգամավորական լիազորությունները, թե ինչու եք նրա նկատմամբ հետախուզում հայտարարել, հետո եկել ներկայացել է` կալանավորել եք… Քանի որ չեք գրել, միակ եզրակացությունն այն է, որ այդ գործի մեջ Սուքիասյանի մեղքն ապացուցող որեւէ փաստ չեք ունեցել, ու ամբողջ հետապնդումը ի սկզբանե եղել է ապօրինի»:

Սուքիասյանի պաշտպանական կողմը ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հոկտեմբերի 19-ին թվագրված այս որոշման մասին տեղեկացվել էր օրերս` Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հարությունյանը որոշումը 3.5 ամիս ուշացմամբ պաշտպաններին հանձնելու պատճառների մասին որեւէ մեկնաբանություն չէր տվել, միայն պնդելով, որ` «որեւէ դիտավորություն չի եղել»:

Մինչդեռ Խաչատուր Սուքիասյանի պաշտպանական կողմն ու Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնը շարունակում են պնդել, որ որոշումը վերջերս է կայացվել:

«Քրեական հետապնդման դադարեցման որոշումը կայացվել է փետրվարին, բայց քանի որ նրանք [իշխանությունները] տարբեր միջազգային կառույցների ու ատյանների դեռ դեկտեմբերին ներկայացրել էին, որ Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցված է, քննչական խմբի ղեկավարին պարտադրել են, որ այդ որոշումը ստորագրեն հոկտեմբերի 19-ի ամսաթվով», - մասնավորապես, ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG